Ահա թե ինչի մասին է խոսում աշխարհը
Մարդկանց անհանգստացնող հիմնական խնդիրների շարքում վերջերս ավելի ու ավելի հաճախ է հնչում գործազրկության աճը։ Այս մասին են վկայում Globescan ընկերության 23 երկրում և 11 հազ. մարդու շրջանում իրականացրած «Աշխարհը խոսում է» (The World Speaks) ուսումնասիրության արդյունքները։ Համաձայն BBC-ի պատվիրած այս հարցման՝ ամենագլխավոր խնդիրն աշխարհում շարունակում է մնալ կոռուպցիան։
Հարցման մասնակիցները ստանում են խնդիրների ցանկ, որտեղ նշում են թեմաները, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում քննարկել են հարազատների կամ ընկերների հետ։ Պարզվում է, որ թեև մարդկանց մտահոգություններն առաջվա պես կապված են հիմնականում կոռուպցիայի և աղքատության հետ, գործազրկությունն այս անգամ հիշատակել է հարցվածների 18%-ը, ինչը 6 անգամ գերազանցում է 2009թ. նույն ցուցանիշը։ Կոռուպցիան նշել է հարցվածների մեկ քառորդը՝ 25%, աղքատությունը՝ յուրաքանչյուր հինգերորդը՝ 20%։ Նույնքան հաճախ, որքան գործազրկությունը՝ 18%, մարդիկ հիշատակել են պարենամթերքի ու էներգիայի գների աճը։
Գործազրկությունն ամենից շատ քննարկում են Իսպանիայում. այս թեման անցյալ ամիս երկրում հիշատակել է հարցվածների 54%-ը։ Նույն խնդիրը խիստ արդիական է նաև Մեքսիկայում, Թուրքիայում, Նիգերիայում և Գանայում։ Ռուսաստանցիներին, ինչպես և Չինաստանի, Քենիայի ու Ֆիլիպինների բնակիչներին, ամենից շատ անհանգստացնում է պարենամթերքի և էներգիայի գների աճը։ Կոռուպցիան ամենից շատ քննարկում են Նիգերիայում, Հնդկաստանում, Թուրքիայում, Ինդոնեզիայում և Պերուում։ Լատինական Ամերիկայում մարդկանց անհանգստացնում է հանցագործության մակարդակը։
Զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան, մարդիկ ամենից շատ քննարկել են համաշխարհային տնտեսության ընդհանուր վիճակը։ Զարգացած երկրների բնակիչները, ընդհանուր առմամբ, ավելի ուշադիր են խնդիրների նկատմամբ, որոնց հետևանքները տեսանելի կլինեն երկարաժամկետ հեռանկարում։ Այդուհանդերձ, կլիմայի փոփոխությունն այս տարի ավելի քիչ է քննարկվել։ Այս թեման առաջնային է եղել միայն Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների համար։
Civilnet











