Մեծ Բրիտանիան դեմ է դուրս եկել համաեվրոպական կարծրատիպերին
Եվրոգոտու երկրները կարծես թե պատրաստ են գնալ ոչ միայն հարկաբյուջետային քաղաքականության խստացման, այլև ոլորտում ավելի սերտ ինտեգրման, չնայած Եվրամիության և եվրոգոտու կայունությունն ու ամբողջականությունը պահպանելու համար սա դեռ բավարար չէ։
Նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած գագաթաժողովի ընթացքում ԵՄ բոլոր երկրների համար հարկաբյուջետային միասնական քաղաքականության շուրջ այդպես էլ չհաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել։ Ֆրանս-գերմանական այս նախաձեռնությունը մերժեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։
Նա իր դիրքորոշումը բացատրեց բրիտանական ֆինանսական հատվածի համար անհրաժեշտ երաշխիքների բացակայությամբ։ ԵՄ անդամ ևս ինը երկիր՝ Դանիան, Լեհաստանը, Բուլղարիան, Հունգարիան, Շվեդիան, Չեխիան, Լատվիան, Լիտվան և Ռումինիան, միգուցե հետևեն Մեծ Բրիտանիայի օրինակին՝ իրենց խորհրդարանների հետ խորհրդակցելուց հետո։
Նշենք, որ խոսքը ԵՄ հիմնարար՝ Լիսաբոնյան պայմանագրի լրամշակված տարբերակի ընդունման մասին է, որը եվրոգոտու անդամ երկրների համար խստացնում է պետբյուջեների ընդունման պահանջները։ Ներկայում Կայունության և աճի եվրոպական պակտի համաձայն՝ բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը։
Բացի այդ՝ եվրոգոտու բոլոր երկրների տնտեսական բարեփոխումները պետք է քննարկվեն և համակարգվեն արժութային միության ղեկավարության մակարդակում, տարեկան առնվազն երկու անգամ նախատեսվում է անցկացնել առաջնորդների գագաթաժողով։ Մյուս կողմից՝ սրանք դեռևս քաղաքական պարտավորություններ են, որոնք կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի ստորագրել նոր պայմանագիրը։
Գագաթաժողովի արդյունքներով պայմանավորված է եվրոյի կայունությունը, ընդ որում՝ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը կարող է երկիրը դեպի մեկուսացում տանել, հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Հատկանշական է, որ համանման կարծիք է արտահայտել նաև Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգը, որին հիասթափեցրել էր Քեմերոնի որոշումը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի այս քայլը, փաստորեն, երկպառակություն է առաջացրել երկրի կոալիցիոն կառավարությունում։ Փորձագետների կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի մեկուսացումը, առաջին հերթին, ձեռնտու չէ հենց իրեն։ Երկրի համար ԵՄ-ն մնում է արտահանման կարևորագույն շուկան (արտահանման ավելի քան 50%-ը)։
Նշենք, որ շուկաները դրական են արձագանքել գագաթաժողովին։ Առևտրային շաբաթվա սկզբում բարձրացել է եվրոյի փոխարժեքը, աճ են արձանագրել եվրոպական ինդեքսները։
Civilnet











