Կապիտալի վերաբաշխում՝ հանուն փրկության
Եվրոգոտում իրավիճակն փոխվում է օր առ օր։ Եվրոն դեռ չի մահացել, իսկ նրա հոգեհանգիստն արդեն պատվիրված է, գրում է Bloomberg-ը։ Քանի դեռ Եվրամիության երկրները եվրոն փրկելու հուսահատ ջանքեր են գործադրում, եվրոպական բիզնեսը պատրաստվում է ապրել առանց նրա. ներդրումները կրճատվում են, ընկերությունների կենտրոնական գրասենյակները՝ տեղափոխվում, գումարները՝ աղքատ տնտեսություններից փոխանցվում հարուստներին։
Եվրոպական կապիտալը՝ դեպի Գերմանիա
Bloomberg-ի կողմից հարցված եվրոպական քսան ընկերությունների թոփ մենեջերները կարծիք են հայտնել, թե «եվրոյի մահից հետո» կյանքը վերադասավորելու նախապատրաստման աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։
Ինտերնետային Grupo Gowex իսպանական ընկերությունը վերաբաշխում է գումարային հոսքերը և հաշիվները տեղափոխում եվրոգոտու ամենակայուն տնտեսություն՝ Գերմանիա։ Իսպանիան չի բացառում նաև ազգային արժույթին վերադառնալու հնարավորությունը։ Նույն մտավախություններն ունի նաև Service Point Solutions-ի ղեկավարությունը, որն իր կենտրոնակայանը Բարսելոնից տեղափոխել է դեպի Եվրոպայի հյուսիսային շրջաններ։ Ընկերությունում նշում են, որ ճգնաժամը հարկադրել է վերանայել բիզնես առաջնայնությունները։
Հունաստանում, օրինակ, գումարների տեղաշարժն ավելի ու ավելի աբսուրդային բնույթ է ընդունում։ Հույները կասկածելի նոր ռեկորդ են սահմանել. նոյեմբերին հարկաբյուջետային հատկացումները կազմել են ընդամենը €3,7 մլրդ, ինչը 13%-ով զիջում է անցած տարվա համապատասխան ցուցանիշը։
Թե որ ուղղությամբ կհոսի եվրոպական կապիտալը, պարզ էր դեռ սեպտեմբերին, երբ Գերմանիայի Կենտրոնական բանկը գումարային ներհոսքերի կտրուկ աճ արձանագրեց։ Օգոստոսյան դեֆիցիտային բյուջեն հոկտեմբերին փակվեց պրոֆիցիտով (€700 մլն)։ Սեփական ծրագրերն են վերանայում անգամ գերմանացի արտադրողները։
Ավելին՝ եվրոյի փլուզման են պատրաստվում անգամ եվրոգոտու սահմաններից դուրս։ Կապիտալի տենդային վերաբաշխումը կարծես թե վերածվել է գլոբալ տրենդի։
Հետբրյուսելյան արձագանքներ
Պարտքային ճգնաժամը Եվրոպայում ձնագնդիի նման մեծանում է, և չի բացառվում, որ այդ հոսքի մեջ ներառվի նաև Ֆրանսիան։ Այս երկիրը արտաքին պարտքի և բյուջեի դեֆիցիտի ցուցանիշով զիջում է Եվրոպայի անգամ խնդրահարույց երկրներին։ Մյուս կողմից՝ բրյուսելյան գագաթաժողովի արդյունքում ընդունված «բյուջետային պայմանագիրը» Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անվանել է կարևոր առաջընթաց՝ ճգնաժամի հաղթահարման ճանապարհին։
Սակայն ներդրողները նախկինի պես հոռետեսորեն են տրամադրված, թեև ընդունում են, որ նոր պայմանագրի կնքումը «ճիշտ քայլ է»։ Նրանց կարծիքով՝ այդուհանդերձ, «բյուջետային պայմանագիրն» ուղղված է պարտքային հետագա, ոչ թե ներկայիս խնդիրների լուծմանը։
Բոլոր դեպքերում՝ միջազգային վարկանշային գործակալությունները՝ Fitch-ը, Standard&Poor's-ը (S&P) և Moody's-ը, դժգոհ են ԵՄ գագաթաժողովի արդյունքներից։ Moody's-ը հայտարարել է ԵՄ 27 անդամ պետությունների վարկանիշների վերանայման մտադրության մասին։ Գործակալությունում նշում են, որ եվրոպական երկրները չափազանց քիչ միջոցառումներ են ձեռնարկել պարտքային ճգնաժամի հաղթահարման համար։
Ըստ Fitch-ի՝ գագաթաժողովին առաջարկվել են «բազմակողմ» ծրագրեր, ինչը հանգեցրել է ԵՄ անդամ երկրների վարկային վարկանիշների վրա ճնշման մեծացմանը։
S&P-ն պաշտոնական հայտարարություն դեռ չի արել, սակայն ավելի վաղ հայտարարել էր ԵՄ 15 անդամ երկրների վարկանիշի վերանայման մտադրության մասին։
Civilnet











