ԱՄՆ-ը դադարեցնում է այս մետաղադրամների հատումը
Միացյալ Նահանգները դադարեցնում է նախագահների դիմանկարով մեկդոլարանոց մետաղադրամների դրամահատումը։ Նախօրեին այսպիսի հայտարարություն են արել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը և ֆինանսների նախարար Թիմոտի Գեյթները։ Սպիտակ տունն իր այս որոշումը պայմանավորել է պետական միջոցների խնայողության անհրաժեշտությամբ։
Ըստ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության՝ մեկդոլարանոց մետաղադրամները բնակչության շրջանում մեծ պահանջարկ չեն վայելում, նախագահական մեկդոլարանոցների ավելի քան 40%-ը չի շրջանառվում։ Ներկայում ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) պահեստներում կուտակված է $1,4 մլրդ-ի մեկդոլարանոց մետաղադրամ։ Այսուհետ դրանք հատվելու են սահմանափակ քանակությամբ և միայն կոլեկցիոներների համար, ինչը, ԴՊՀ-ի կարծիքով, թույլ կտա տարեկան մոտ $50 մլն խնայել։
Նախագահների դիմանկարով մեկդոլարանոց մետաղադրամներն ԱՄՆ-ում շրջանառության մեջ են դրվել 2005-ից։ Դրանց դիմերեսին պատկերված է ԱՄՆ-ի նախագահներից մեկի դիմանկարը, որի վերևում կիսաշրջանաձև դաջված է նախագահի անունը, իսկ ներքևում՝ կառավարման տարեթվերը։
Դարձերեսին պատկերված է Ազատության արձանը, որի ձախ կողմում գրված է երկրի անունն ու մետաղադրամի անվանական արժեքը։ 2007-ից ի վեր՝ տարեկան 4 նախագահների պատկերներով մետաղադրամներ էին դրվելու շրջանառության մեջ։ Յուրաքանչյուր նախագահի, միջին հաշվով, բաժին է ընկնում 70-80 մլն մետաղադրամ։
Civilnet











