Երկիրն առավելագույնս է օգտվում տարածաշրջանում իր դիրքից
Երեկ միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը Վրաստանի թողարկողի դեֆոլտի երկարատև վարկանիշը B+ մակարդակից բարձրացել է մինչև BB-՝ «կայուն» կանխատեսմամբ։
«Բարձրացումն արտացոլում է Վրաստանի տնտեսական աճի ուժեղ ցուցանիշները, բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցում կառավարության գրանցած հաջողությունները, ինչպես նաև գնաճի զսպման ու արտարժութային պահուստների ավելացման հանգամանքը»,– նշել է գործակալության սուվերեն վարկանիշների վերլուծության խմբի տնօրեն Չառլզ Սևիլը:
Ըստ գործակալության տարածած հաղորդագրության՝ ընթացիկ տարում Վրաստանը բյուջեի պակասուրդը կրճատել է մինչև ՀՆԱ-ի 3,7%։ 2010թ. բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 6,6% մակարդակում էր, 2012թ. պետբյուջեում պակասուրդի 3,6% ցուցանիշ է ամրագրված։ Բացի այդ՝ Fitch Ratings-ը 2012-2013 թթ. համար Վրաստանի պետական պարտքի նվազեցում է կանխատեսում՝ ի համեմատ 2010թ. առավելագույն ցուցանիշի (պետպարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը՝ 37%)։
Թեև Վրաստանի պետական պարտքի 79%-ը արտարժութային է, երկիրը, ըստ գործակալության վերլուծաբանների, կարող է հետագայում ևս վարկային միջոցներ ներգրավել միջազգային ֆինանսական ինստիտուտներից։ Հաղորդագրությունում նշվում է, որ Վրաստանի արտաքին պարտքում արտարժութային վարկերի մասնաբաժինը շատ ավելի մեծ է, քան նմանատիպ վարկանիշ ունեցող մի շարք այլ երկրներում, այդուհանդերձ այստեղ ավելի փոքր են պետական պարտքի սպասարկման ծախսերը, ինչը պայմանավորված է արտոնյալ վարկերով։
Գործակալությունը 2012-2013 թթ. համար Վրաստանում 5,5% միջին տնտեսական աճ է ակնկալում, ինչը գերազանցում է BB վարկանիշ ունեցող մյուս երկրների համար արվող կանխատեսումները։ Նշվում է, որ Վրաստանն առավելություններ է ստանում ի հաշիվ համակարգային բարեփոխումների ու դեպի ենթակառուցվածքների զարգացում ուղղվող ներդրումների, ինչը երկրին հնարավորություն է տալիս առավելագույնս օգտվել տարածաշրջանում տարանցիկ իր դիրքից։
Մյուս կողմից՝ Fitch Ratings-ն արձանագրել է, որ չնայած մակրոտնտեսական լավ ցուցանիշների և պետական ֆինանսավորման ոլորտի բարելավման՝ Վրաստանը շարունակում է մնալ բավական դոլարիզացված, համեմատաբար ցածր եկամուտով, բացասական վճարային հաշվեկշռով և քաղաքական ռիսկերով երկիր։
Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերին նույն Fitch Ratings-ը Հայաստանի վարկանիշը թողել էր անփոփոխ՝ BB- մակարդակում, կանխատեսումը՝ «կայուն»։ Նոյեմբերի 21-ին Moody's գործակալությունը Հայաստանի Ba2 սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» նվազեցրել էր «բացասականի»։
Civilnet










