Բեռնանկեի կոչը Եվրոպային
ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) մտադիր չէ եվրոպական բանկերին լրացուցիչ օգնություն տրամադրել սուվերեն պարտքերի ճգնաժամի դեմ պայքարի գործում։ Նախօրեին այսպիսի հայտարարություն է արել կառույցի ղեկավար Բեն Բեռնանկեն։
Bloomberg-ը, վկայակոչելով ԴՊՀ-ի նիստին ներկա սենատոր Բոբ Քորքերին, հաղորդում է, որ ԱՄՆ-ի կենտրոնական բանկն ամենևին էլ մտադիր չէ օգնության ձեռք մեկնել եվրոպական ֆինանսական հաստատություններին։ Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի խոսքով՝ Բեռնանկեն ակնարկել է, որ ինքը «մտադրություն կամ լիազորություններ չունի որևէ երկրի կամ բանկի օգնելու համար»։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ի գլխավոր բանկիրը նշել է, որ եվրոպական ճգնաժամը կարող է անդրադառնալ նաև ամերիկյան տնտեսության վրա։
Սենատոր Քորքերը մեկնաբանել է Բեռնանկեի «լրացուցիչ օգնություն» արտահայտությունը. սենատորի կարծիքով՝ խոսքը 2010թ. մայիսին Սենատի՝ արտարժութային սվոփ գործարքները օտարերկրյա բանկերի, այդ թվում՝ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) հետ վերսկսելու որոշման մասին է։ «Մարդիկ քիչ-քիչ հեռանում էին՝ գիտակցելով, որ նա մտադիր չէ ընդլայնել ԱՄՆ-ի մասնակցությունը ճգնաժամի հաղթահարման գործում»,– ասել է Քրոքերը։
Հատկանշական է, որ անցած ամիս համաշխարհային խոշորագույն վեց կարգավորիչները՝ ԴՊՀ-ն, ԵԿԲ-ն, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Կանադայի կենտրոնական բանկերը, պայմանավորվածություն էին ձեռք բերել այս շրջանակում ներառված արժույթներից յուրաքանչյուրով ժամանակավոր սվոփ գործարքներ կնքելու հնարավորության մասին։ Այդուհանդերձ, կենտրոնական բանկերում համաձայնության էին եկել, որ իրացվելիության ավելացման համար առայժմ, բացի ԱՄՆ դոլարից, մյուս արժույթների կարիքը չկա։
Civilnet











