Facebook-ը, Google-ը և Apple-ը զիջում են Bain&Company-ին ու McKinsey&Company-ին
Facebook սոցցանցը, ամերիկյան Google և Apple ընկերություններն աշխարհի առավել գրավիչ գործատուների առաջին տասնյակում են՝ զբաղեցնելով, համապատասխանաբար, 3-րդ, 5-րդ և 10-րդ հորիզոնականները։ Employees' Choice Awards ամենամյա այս վարկանիշը կազմում է Glassdoor կայքը։
Վարկանիշի առաջին հորիզոնականում ամերիկյան Bain&Company, երկրորդում՝ միջազգային McKinsey&Company խորհրդատվական ընկերություններն են։ Նրանք առավելագույն հինգ միավորից հավաքել են համապատասխանաբար 4,7 և 4,3 միավոր։
Հատկանշական է, որ անցյալ տարի վարկանիշը գլխավորած Facebook-ն այս տարի հավաքել է 4,3 միավոր, ինչպես և McKinsey&Company-ն, սակայն սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնին զիջել է աշխատակիցների դրական արձագանքների ցուցանիշով, ինչը սոցցանցին իջեցրել է մինչև 3-րդ հորիզոնական։
Ինչ վերաբերում է որոնողական հսկային, ապա նա անցյալ տարի վարկանիշի 30-րդ հորիզոնականում էր՝ 3,7 միավորով։ Այս անգամ Google-ը զգալիորեն բարելավել է վարկանշային իր դիրքերը՝ բարձր միավորների և ընկերության գլխավոր տնօրեն Լարի Փեյջի մասին արձագանքների 90%-ի դրական լինելու շնորհիվ։
Լավագույն գործատուների վարկանիշում ընդգրկվել են նաև ամերիկյան National Instruments (18-րդ հորիզոնական), Citrix Systems (20-րդ), Intel (32-րդ), Starbucks (34-րդ), Groupon (40-րդ), Nvidia (49-րդ) և այլ ընկերություններ։ Հատկանշական է, որ ծրագրային ապահովման Adobe ընկերությունը, որն անցյալ տարի վարկանիշի 39-րդ հորիզոնականում էր, այս տարի լավագույն գործատուների շարքում ընդգրկված չէ։
Լավագույն 50 գործատուների այս վարկանիշը, որը կազմվում է աշխատակիցների շրջանում անցկացվող հարցումների հիման վրա, թվով արդեն 4-րդն է։ Այս անգամ նրանում ընդգրկվել է 13 տեխնոլոգիական և ինտերնետային ընկերություն։ Glassdoor-ի փորձագետներն ուսումնասիրել են, թե որքանով են ընկերություններում աշխատակիցներին բավարարում կառավարման համակարգը, կարիերայի աճի հնարավորությունները, աշխատավարձի չափը, կորպորատիվ մշակույթը, ղեկավարության վերաբերմունքը և այլն։
Civilnet











