Գլխավոր Լրահոս

Փոսաշատ 2012-ը

Փոսաշատ 2012-ը

Տխուր կանխատեսումներ՝ Ամանորի շեմին

Համաշխարհային տնտեսության հեռանկարները 2012թ. համար թեև պարզ են, սակայն ոչ ոգևորիչ՝ ռեցեսիա Եվրոպայում, լավագույն դեպքում՝ թույլ աճ Միացյալ Նահանգներում, կտրուկ անկում Չինաստանում ու զարգացող շուկայական տնտեսություն ունեցող երկրների մեծ մասում, գրում է Բարաք Օբամայի տնտեսական խորհրդական, հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին իր «2012թ.՝ փխրուն և անհավասարակշիռ» հոդվածում։

Ըստ Ռուբինիի՝ Լատինական Ամերիկան ենթակա է հումքային ապրանքների համեմատաբար ցածր գների ազդեցությանը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպան եվրոգոտու ճգնաժամի ազդեցության գոտում են, մերձավորարևելյան հուզումները, իրենց հերթին, տնտեսական լուրջ ռիսկեր են ստեղծում, նավթի բարձր գները զսպում են համաշխարհային տնտեսության աճը։

Եվրոգոտու ռեցեսիան այլևս կասկածի տեղիք չի տալիս. սուվերեն պարտքի խնդիրները, մրցակցության բացակայությունը, խիստ խնայողության միջոցառումները լրջագույն անկման ներուժ են պարունակում։ Եվրոգոտու ճգնաժամի ձգձգման հետևանքով զգալի ռիսկերի է առերեսվել կրիայի քայլերով աճող ԱՄՆ-ի տնտեսությունը։ Այն դեռ պիտի հաղթահարի ֆինանսական խնդիրները, աճող անհավասարությունը, քաղաքական փակուղին։

Զարգացած տնտեսությունները ևս չեն ոգևորում։ Միացյալ Թագավորությունը, օրինակ, գտնվում է W-աձև տնտեսական անկման փուլում։ Տնտեսության վերականգնումը կանգ կառնի Ճապոնիայում՝ թույլ կառավարությունն այդպես էլ ի վիճակի չի լինի կառուցվածքային լուրջ բարեփոխումների գնալ։

Ավելի ակնհայտ են դառնում Չինաստանի տնտեսական աճի մոդելի թերությունները։ Անշարժ գույքի գների անկումն այստեղ շղթայական ռեակցիայի պատճառ է դարձել՝ բացասաբար անդրադառնալով շինարարության ոլորտի, ներդրումների և պետական եկամուտների վրա։ Շինարարական դանդաղող բումի պայմաններում չինացի առաջնորդներին շատ ավելի բարդ կլինի վերականգնել տնտեսական աճը։

Սակայն չինացիները միայնակ չեն։ ԱՄՆ-ը, Եվրոպան, Ճապոնիան ևս հետաձգել են հարկաբյուջետային և ֆինանսական բարեփոխումները։

Քաղաքական գործիչները, ի վերջո, ինչ-որ պահի կսպառեն լուծման հնարավոր բոլոր տարբերակները։ Արժույթի դեվալվացիան խաղ է զրոյական գումարով, և բոլոր երկրները չէ, որ կկարողանան ազգային արժույթի արժեզրկում ու, միաժամանակ, արտահանման ծավալների բարելավում թույլ տալ։

Զարգացած տնտեսությունները կճշգրտեն դրամավարկային քաղաքականությունը՝ հարաբերակցելով այն «գնաճի սպառնալիքի» հետ։ Այդուհանդերձ, այս երկրներում ևս նվազում է դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը՝ սնանկացման և իրացվելիության խնդիրների ֆոնի վրա։

Հարկաբյուջետային ավելի ճկուն քաղաքականության հնարավորությունը սահմանափակում են բյուջեների դեֆիցիտն ու պետպարտքերի աճը, պարտատոմսերի թողարկումները վերահսկող մարմինները, Եվրոպայում բյուջետային նոր կանոնները։

Կայուն աճ վերականգնելը բավական բարդ է քաղաքական գործիքների սուր անբավարարության պայմաններում։ Սակայն հենց սա է այն ճանապարհը, որը պետք է փրկի համաշխարհային փխրուն և անհավասարակշիռ տնտեսությունը հաջորդ՝ 2012 տարում։ Ինչպես ասում են, «Ձգեք գոտիները, այս տարին «փոսաշատ» է լինելու»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում