Գլխավոր Լրահոս

Առանց եվրոգոտու դժվար կլինի

Առանց եվրոգոտու դժվար կլինի

Դրագին զգուշացնում է խնդրահարույց երկրներին

Այն երկրները, որոնք կլքեն եվրոգոտին, է՛լ ավելի վատթար տնտեսական իրադրության մեջ կհայտնվեն։ Եվրոյին հավատարիմ երկրների համար ԵՄ օրենսդրությունը կդառնա կործանարար, և հստակ չէ՝ ինչով կավարտվի այս ամենը։ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին բրիտանական Financial Times պարբերականին մեկնաբանել է եվրոգոտու հնարավոր փլուզումն ու դրա հետևանքները։

Հատկանշական է, որ ԵԿԲ նախկին նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն եվրոգոտու հնարավոր փլուզումը «անհեթեթություն» էր համարում։ Ըստ Դրագիի՝ այն երկրները, որոնք կլքեն եվրոգոտին և կարժեզրկեն ազգային արժույթը, կառերեսվեն բարձր գնաճի խնդրին։ Ընդ որում՝ նրանց չի հաջողվի անհրաժեշտ համակարգային բարեփոխումներ իրականացնել, քանի որ նրանք շատ ավելի թույլ կլինեն, քան այս պահին են։

Դրագին պարտքային ճգնաժամի դեմ պայքարում կարևոր է համարել եվրոպական բանկային համակարգի աջակցությանն ուղղված ԵԿԲ աննախադեպ միջոցառումների կարևորությունը՝ առանձնացնելով երեք տարի ժամկետով անսահմանափակ վարկերի տրամադրումը։ Այս ծրագիրը մեկնարկելու է այս շաբաթ։

ԵԿԲ նախագահը անհրաժեշտ է համարել վերականգնել պետական ֆինանսական գործիքների նկատմամբ ներդրողների վստահությունը, ինչին, ըստ նրա, կարելի է հասնել բյուջետային կայունությանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (European Financial Stability Facility, EFSF) գործունեության միջոցով։

Դրագին նշել է, որ ֆինանսական շուկաներում ԵԿԲ-ն՝ որպես EFSF-ի գործակալ, կսկսի գործել արդեն եկող հունվարից՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հիմնադրամի ֆինանսական հնարավորություններն առաջիկայում կընդլայնվեն։ «Իմ կարծիքով՝ եթե հիմնադրամը կարողանա արդյունավետ գործել իր ներկայիս ֆինանսական ծավալների պայմաններում, ապա ավելի ծանրակշիռ կդառնան նրա միջոցների ավելացմանն ուղղված փաստարկները»,– ասել է Դրագին։

Դրագին խուսափել է մանրամասնել եվրոգոտու անդամ երկրների պետական պարտատոմսերի գնման ԵԿԲ ծրագիրը, որի շրջանակում 2010թ. ծախսվել է €200 մլրդ։ Նա բացառել է անգամ ռեցեսիայի պայմաններում ԵԿԲ «քանակական մեղմացման» քաղաքականության հնարավորությունը, որին ժամանակին դիմեցին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։ «Մեր քաղաքացիների և ներդրողների վստահության վերականգնումը, իհարկե, կարևոր է, բայց ոչ ԵԿԲ հեղինակության խաթարման միջոցով»,– նշել է Դրագին։

Հիշեցնենք, որ վերջին գագաթաժողովին ԵՄ առաջնորդները համաձայնության եկան միջկառավարական համաձայնագրերի հիման վրա բյուջետային միության ստեղծման շուրջ, որին անդամակցել համաձայնեցին ԵՄ27 անդամներից 26-ը։ Մեծ Բրիտանիան նախընտրեց պաշտպանել երկրի ֆինանսական շահերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում