Սաուդյան $300 մլն է ներհոսել ցանց
Առաջիկա տարիներին սոցիալական մեդիան կփոխի զանգվածային լրատվամիջոցների ինդուստրիան, իսկ Twitter-ը կգրավի և կմոնետիզացնի դրական այս միտումը։ Այսպիսի հայտարարություն է արել սաուդյան արքայազն Ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդ ալ Ազիզ աս Սաուդը, որի հետաքրքրությունը չի մարում Twitter-ի նկատմամբ։
Այս անգամ Իբն Թալալն իր Kingdom Holding ներդրումային ընկերության միջոցով $300 մլն է ուղղել Twitter միկրոբլոգային ցանցի բաժնետոմսերի «ռազմավարական փաթեթի» ձեռքբերմանը։ Kingdom Holding-ի հաղորդագրության համաձայն՝ գործարքի շուրջ բանակցությունները շարունակվել են մի քանի ամիս։ «Twitter-ում կատարած մեր ներդրումները հաստատում են մեծ եկամուտներ և գլոբալ ազդեցություն ունեցող հեռանկարային բիզնեսում խոշոր ներդրումներ կատարելու մեր կարողությունը», – ասվում է հաղորդագրությունում։
Հատկանշական է, որ սա ընթացիկ տարում սաուդյան արքայազնի երկրորդ ներդրումն է Twitter-ում։ 2011թ. օգոստոսի սկզբին Twitter-ում հայտարարել էին, թե զգալի միջոցներ են ներգրավել ներդրողների կոնսորցիումից։ Խոսքը $800 մլն մասին էր, որից միայն $400 մլն-ը՝ ռուսական DST Global II հիմնադրամից։ Ըստ ամերիկյան The Wall Street Journal-ի՝ Twitter-ն այդ ժամանակ գնահատվում էր $8,4 մլրդ։ Եթե մինչ այժմ ընկերության շուկայական արժեքը չի փոխվել, ապա Իբն Թալալը $300 մլն-ի դիմաց ստացել է ընկերության բաժնետոմսերի 3,6 տոկոսանոց փաթեթը։
Նշենք, որ Twitter-ի ներդրողների թվում է Սիլիկոնային հովտի հնաբնակ Kleiner Perkins Caufield & Buyers հիմնադրամը։ Անցած տարի այն $200 մլն է ներդրել ինտերնետ ընկերությունում՝ վերջինս գնահատելով $3,7 մլրդ։ Միկրոբլոգների ցանցի մյուս խոշոր ներդրողը ամերիկյան J.P.Morgan ընկերությունն է։ Այն, Techcrunch-ի տվյալների համաձայն, 2010թ. վերջից մինչև 2011թ. սկիզբն ընկած ժամանակահատվածում գնել է Twitter-ի $400 մլն-ի բաժնետոմս։
Twitter միկրոբլոգների ցանցը 2011թ. սկզբին ուներ ավելի քան 200 մլն բաժանորդ։ Ինչպես գրում է Bloomberg-ը, ընթացիկ տարում գովազդի հաշվին ընկերության եկամուտները կկազմեն $139,5 մլն։
Forbes-ը Իբն Թալալի կարողությունը գնահատում է մոտ $20 մլրդ՝ աշխարհի միլիարդատերերի ցանկում նրան վերապահելով 26-րդ հորիզոնականը։ Սաուդյան արքայազնի գլխավոր ակտիվների թվում են General Motors Co.-ի, News Corp.-ի և Apple-ի բաժնետոմսերի փաթեթները։
Civilnet











