Շուկաների քաղաքական վարքագիծը 2012թ.
Եվրոպական բաժնետոմսերը թանկացել են, իսկ շուկաները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը համաշխարհային տնտեսության համար լավ ազդակ են համարել. Ճապոնական Nomura բանկն առանձնացրել է համաշխարհային շուկաներին սպառնացող աշխարհաքաղաքական գալիք ռիսկերի տասնյակը՝ ըստ շուկաների վրա ազդեցության աստիճանի։
1. Եվրոգոտին կփլուզվի, եթե Գերմանիան և Եվրոպական կենտրոնական բանկը վճռական քայլեր չձեռնարկեն։ Թեև այսպիսի սցենարը քիչ հավանական է, այնուհանդերձ արժութային միասնական գոտու հնարավոր փլուզումն ու հնարավոր հետևանքները բավարար են այս ռիսկը ամենամեծը համարելու համար։
2. Հաջորդ տարի ԱՄՆ-ը չի կարողանա երկարացնել գործազուրկների և աշխատավարձերի հիմնադրամների հարկային արձակուրդները։ Սա կհանգեցնի Նահանգների ՀՆԱ-ի նվազմանը մինչև 0,8-տոսկոսային կետով։ Բացառված չէ, որ դեպի նվազում կվերանայվի ԱՄՆ-ի վարկային վարկանիշը։
3. «Արաբական գարունը» նավթի մատակարարումների ընդհատումների պատճառ կդառնա։ Թեև փորձագետներին շարունակում է անհանգստացնել քաղաքական անկայուն իրադրությունը Սիրիայում և Եգիպտոսում, ինչպես նաև իրանա-իսրայելական հարաբերությունների լարվածությունը, առավել մեծ ռիսկեր է պարունակում իրադրությունն Իրաքում, որտեղից օրերս դուրս բերվեցին ամերիկյան զորքերը։
4. Պահպանվում է Չինաստանի տնտեսության կոշտ վայրէջքի ռիսկը։ Երկրում քաղաքական առաջնորդների փոփոխման գործընթացը կմեկնարկի 2012թ. մարտին և կտևի մինչև 2013թ. մարտը։
5. Կորեայի Ժղովրդադեմոկրատական Հանրապետությունը կարող է ռազմական սադրանքների դիմել Կիմ Իր Սենի 100-ամյակի (2012թ. ապրիլի 15), ինչպես նաև Հարավային Կորեայի նախագահական ընտրությունների (2012թ. դեկտեմբերի 19) նախաշեմին։
6. Մշտական լարվածության աղբյուր են Պակիստանին սահմանակից Հնդկաստանի Ջամա և Քաշմիր նահանգները։ Այստեղ կարող են ակտիվանալ պակիստանցի ահաբեկիչները։
7. 2012թ. հունվարյան ընտրությունների արդյունքում Թայվանը նոր նախագահ կունենա՝ ի դեմս Մա Ինցզյունի։
8. Արևմտյան ներդրողները «շունչները պահած» սպասում են 2012թ. մարտի 4-ի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակին ու երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությանը։ Հատկանշական է, որ Nomura-ում ընտրությունների ելքի այլ տարբերակ չեն էլ դիտարկել։
9. Թաիլանդի ընդդիմությունը՝ Ինգլակ Չինավատի գլխավորությամբ, քաղաքական պայքարի նոր փուլ կսկսի։
10. 2012թ. սկզբին Մալայզիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանական նոր ընտրություններ կնշանակի, ինչն այս երկրում քաոսի պատճառ կդառնա։
Շվեյցարական UBS բանկը ևս հրապարակել է համաշխարհային տնտեսությանը սպառնացող քաղաքական ռիսկերի ցանկը, որը հիմնականում կրկնում է Nomura-ի տարբերակը։ Սակայն ի տարբերություն ճապոնացի գործընկերների՝ UBS-ում ռիսկերի շարքում ընդգրկել են նաև առևտրային և արժութային պատերազմները, մի շարք երկրների պարտքային ճգնաժամերը։
Civilnet











