Մադրիդյան պարտատոմսերի լավագույն տեղաբաշխումը
Երեկ Իսպանիայի Կենտրոնական բանկը պարտատոմսերի՝ տարվա ամենահաջող տեղաբաշխումն է իրականացրել. պետական արժեթղթերը տեղաբաշխվել են եկամտաբերության՝ 2011թ. միջին տարեկան ցուցանիշից 60%-ով ցածր տոկոսադրույքով, գրում է իսպանական El Economista-ն։
Երեքամսյա մարման ժամկետով պետպարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավվել է €3,7 մլրդ։ Պահանջարկը 2,9 անգամ գերազանցել է առաջարկը։ Եկամտաբերության տոկոսադրույքը նոյեմբերյան 5,11%-ից նվազել է մինչև 1,735%։ Ինչ վերաբերում է 6-ամսյա մարման ժամկետով պարտատոմսերին, ապա դրանք վաճառվել են €1,922 մլրդ-ով։ Պահանջարկն առաջարկը գերազանցել է 4,1 անգամ, եկամտաբերությունը 5,23%-ից նվազել է մինչև 2,43%։
Ինչպես գրում է բրիտանական The Financial Times-ը, իսպանական պարտատոմսերի հաջող տեղաբաշխումը բերել է եվրոյի արժևորման։
Հատկանշական է, որ Իսպանիայի Կենտրոնական բանկի աճուրդի իրականացումը համընկել էր երկրի նոր վարչապետի՝ Մարիանո Ռախոյայի պաշտոնավարման առաջին օրվան։ Ըստ իսպանական El Mundo-ի՝ սա վկայում է այն մասին, որ շուկան դրական է արձագանքում խորհրդարանական ընտրություններում հաղթած Ժողովրդական կուսակցության քաղաքական ուղեգծին։
Իսպանիայում բաժնետոմսերի երեկվա տեղաբաշխումը վերջինն էր 2011թ. համար։
Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին, միջազգային վարկանշային Moody's գործակալությունը Մադրիդին խորհուրդ էր տվել երկրի տնտեսության ամրապնդման և բյուջետային դեֆիցիտի կրճատման նպատակով բարեփոխումներ իրականացնել։ Գործակալության փորձագետներն առաջարկել էին արտակարգ միջոցառումներ ձեռնարկել տնտեսական, մասնավորապես՝ հարկաբյուջետային քաղաքականության խստացման ուղղությամբ։
Նոյեմբերյան այս նախազգուշացումից հետո իսպանական պետպարտատոմսերի սփրեդն աճել էր 448 կետով՝ պետական արժեթղթերի եկամտաբերությունը հասցնելով ռեկորդային 6,7%-ի։ Համեմատության համար՝ նույն այդ ժամանակ գերմանական պարտատոմսերի եկամտաբերությունը 2,26% էր։
Civilnet











