T-Mobile USA-ն այդպես էլ մտադրություն մնաց AT&T-ի համար
Միացյալ Նահանգներում խուսափեցին «հեռահաղորդակցային հրեշ»-ի ստեղծումից։ Ամերիկյան հեռահաղորդակցային շուկայում մեծությամբ երկրորդ AT&T օպերատորը հետ կանգնեց գերմանական Deutsche Telekom-ի ամերիկյան դուստր T-Mobile USA ընկերությունը կլանելու մտադրությունից։ $40 մլրդ-անոց գործարքը ձախողվեց հակամենաշնորհային մարմինների հակազդեցության պատճառով։
Վերջին տարիներին AT&T-ն անլար լայնաշերտ ինտերնետ ցանցերի ընդլայնման ցուցանիշով և ոլորտում կատարվող ներդրումների ծավալով ամերիկյան հեռահաղորդակցային օպերատորների շարքում առաջատարն էր։ Ընկերության բաժանորդները, սակայն, հաճախ դժգոհում էին ծառայությունների որակից, ինչի հիմնական պատճառը ցանցի գերծանրաբեռնվածությունն էր։ Ընկերությունը մտադրվել էր LTE տեխնոլոգիայով համազգային հեռահաղորդակցային ցանց շահագործել։ Նշենք, որ AT&T-ի գլխավոր մրցակից Verizon Wireless-ն ավելի վաղ էր սկսել այսպիսի ցանցի շահագործման աշխատանքները։
Հետաքրքրական է, որ գարնանը, երբ հայտնի դարձավ AT&T-ի մտադրության մասին, քչերն էին հավատում այս գործարքի կայացմանը։ Օգոտոսին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը պահանջեց արգելափակել T-Mobile-ի կլանումը։ Գերատեսչության կարծիքով՝ երկու ընկերությունների միավորումը կսահմանափակեր շուկայի մրցակցությունը և հետևաբար՝ կբարձրացներ մատուցվող ծառայությունների սակագները։ Փորձագետների գնահատմամբ՝ այս գործարքի արդյունքում AT&T-ի մասնաբաժինն ԱՄՆ-ի շուկայում 27%-ից կարող էր հասնել 39%-ի։
AT&T-ն խոստանում էր պայքարել մինչև վերջ, սակայն հետագայում Արդարադատության նախարարության կողմն անցավ նաև Հեռահաղորդակցության դաշնային հանձնաժողովը։ Ավելի ուշ՝ նոյեմբերի վերջին, AT&T-ն հետ կանչեց միաձուլման վերաբերյալ իր հայտը։
Գործարքի կայացման դեպքում AT&T-ն մի շարք ցուցանիշներով կդառնար ԱՄՆ-ի առաջատար հեռահաղորդակցային օպերատորը՝ բաժանորդային բազան հասցնելով 135-140 մլն-ի։ Ներկայում Նահանգների հեռահաղորդակցային շուկայի առաջատարը Verizon Wireless-ն է՝ 107,7 մլն բաժանորդով։
Civilnet











