Գլխավոր Լրահոս

Հատուցման պահը հեռու չէ

Հատուցման պահը հեռու չէ

Ըստ Ստիգլիցի՝ աշխարհը նոր քաոսի շեմին է

2012-ը կլինի ավելի վատը, քան 2011-ն էր. սա ամենադրականն է, ինչ կարելի է ասել անցնող տարվա մասին, գրում է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը գերմանական Handelsblatt-ում հրապարակած իր հոդվածում։ Այն թարգմանաբար և որոշ կրճատումներով՝ ստորև։

Ըստ իս՝ 2011թ. դրական մի քանի բան կարելի է առանձնացնել։ Նախ՝ ԱՄՆ-ում կարծես թե վերջապես հասկացան, որ անդունդ է գոյացել հասարակության միանգամից հարստացած հատվածի և մյուս բոլոր ամերիկացիների միջև։ Ապա՝ բողոքի երիտասարդական շարժումները՝ «Արաբական գարուն»-ից և իսպանական Indignados-ից («Վրդովվածները») մինչև «Գրավի՛ր Ուոլ սթրիթը», ցույց տվեցին, որ կապիտալիստական համակարգն ամենևին էլ լավ վիճակում չէ։

ԱՄՆ-ի և Եվրոպայի տնտեսական և քաղաքական խնդիրները, որոնք լուծելու փորձերը սխալ ուղղությամբ էին, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն նաև 2012թ.։ Իսկ թե ինչպիսին կլինի հաջորդ տարին, կախված է առավելապես քաղաքական գործիչների ընդունելիք որոշումներից։

Եվրոպացի առաջնորդները չեն հոգնում կրկնել, թե իրենք են պարտավոր փրկել եվրոն։ Սակայն ովքեր իրոք կարող են փրկել եվրոն, դրա համար անհրաժեշտ ամեն ինչ չէ, որ անում են։ Նրանք խոստովանում են, թե մեծ է ռեցեսիայի հավանականությունը, ու եվրոգոտու խնդրահարույց երկրներին հազիվ թե հաջողվի վերահսկել պարտքերը։ Այդուհանդերձ, տնտեսական աճի խթանման համար նրանք այդպես էլ որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում։ Նրանք հայտնվել են «մահվան ոլորապտույտի» մեջ։

Միակ բանը, որը տոկոսադրույքները պահում է ցածր մակարդակի վրա ու ինչ-որ ժամանակով փրկում եվրոն, Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից պարտատոմսերի ձեռքբերումն է։ Դուր է գալիս դա մյուսներին, թե ոչ՝ ԵԿԲ-ն, միևնույն է, ֆինանսավորում է առանձին պետություններին։

Իսկ իրադարձությունների հետագա զարգացման ամենահավանական սցենարն այսպիսին է. խնայողության միջոցառումներ, թուլացող տնտեսություններ, գործազրկության մակարդակի աճ, անփոփոխ բյուջետային դեֆիցիտներ ու ճգնաժամը հնարավորինս արագ հաղթահարելու համար նվազագույն ջանքեր՝ քաղաքական գործիչների կողմից։ Կարճ ասած՝ սաստկացող քաոս։ Հատուցման ժամը կարող է վրա հասնել արդեն 2012թ.։

2012թ. ԱՄՆ-ում ի հայտ կգան խնայողության առաջին իրական միջոցառումները։ 2008թ. հիփոթեքային ճգնաժամի հետևանքները զգալի են մինչ այժմ։ ԱՄՆ-ի քաղաքական կուսակցություններում ոչ ոք չի ուզում ընդունել, որ բանկային համակարգի վերականգնումը բավարար չէր տնտեսության ապաքինման համար։ Նահանգների մինչճգնաժամային տնտեսության կենսունակությունն ապահովում էին անշարժ գույքի շուկայի «փուչիկները»։ Իսկ հետադարձ ճանապարհ էլ չկա։

Նախագահական ընտրությունների տարին կնշանավորվի սովորական ու դատարկ խոսակցություններով, որոնք նոր աշխատատեղերի ստեղծման, բյուջետային ծախսերի կրճատման կոչեր կանեն։ Սակայն նրանցից ոչ մեկը տնտեսության վերակառուցման և անհավասարության դեմ պայքարի կոչ չի անի։

Ամերիկացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել երկու առաջնորդների միջև. նա, ով արդեն ապացուցել է, որ ի վիճակի չէ երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, կամ էլ մեկը, որն իր այս անկարողությունը դեռ չի հասցրել ապացուցել։

Հուսով եմ՝ գալիք իրադարձությունները կհերքեն իմ այս դատողությունները, և հոռետեսությունս չափազանցված կլինի։ Թեև մտավախություն ունեմ, որ ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել։

Իրականում 2012-ը կարող է դառնալ այն տարին, երբ Եվրոպայի 50-ամյա քաղաքական և տնտեսական ինտեգրման գագաթնակետի՝ եվրոյի փորձը վերջնականապես կձախողվի։ 2008թ. ծայր առած ճգնաժամը և նրա աղետալի հետևանքները վերացնելու փոխարեն՝ 2012-ը կարող է ազդարարել նոր՝ ավելի աղետալի, վերջին 75 տարիների ամենախոր ճգնաժամի մեկնարկը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում