Քաղաքի 50 մլն զբոսաշրջիկից 40 մլն-ը հենց ամերիկացիներն են
Գլոբալ ֆինանսական և եվրոպական պարտքային ճգնաժամը չի մարել զբոսաշրջիկների՝ Նյու Յորք այցելելու ցանկությունը։ Մինչև 2011թ. վերջ քաղաքը կհուրընկալի ռեկորդային թվով զբոսաշրջիկների։ Reuters-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը «Թայմս սքուեր»-ում ունեցած իր ելույթի ժամանակ։
Քաղաքապետի խոսքով՝ այս տարի «Մեծ խնձոր» կայցելի մոտ 50 մլն մարդ, ինչը գերազանցում է անցած տարվա ռեկորդային 48,7 մլն զբոսաշրջիկ ցուցանիշը։
Նյու Յորքը շարունակում է մնալ զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից։ Բլումբերգի խոսքով՝ զբոսաշրջիկները 2011թ. քաղաքում ավելի քան $32 մլրդ են ծախսել։ Ըստ քաղաքապետի՝ զբոսաշրջության քաղաքային ինդուստրիայում զբաղված է ավելի քան 320 հազ. մարդ։ 2006թ. նյույորքյան հյուրանոցների թիվն ավելացել է 90 հազ-ով։ Ընթացիկ տարում հյուրանոցներում վաճառված գիշերների թիվն անցած տարվա համեմատ աճել է 4,5%-ով և կազմել ռեկորդային $27 մլն։
ԱՄՆ-ի զբոսաշրջային ամենասիրված քաղաքների թվում են Լաս Վեգասը, Մայամին, Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Վաշինգտոնը, Հոնոլուլուն։
Civilnet











