Գլխավոր Լրահոս

ԵԿԲ-ն Lehman Brothers-ի հետքերով...

ԵԿԲ-ն Lehman Brothers-ի հետքերով...

Զուգահեռներ եվրոպական և ամերիկյան փողերի միջև

Եվրոյի փրկության ուղղությամբ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախաձեռնած քայլերն ու գործողությունները (խնդրահարույց երկրների պարտատոմսերի գնում, ֆինանսական խթանումների ծրագրեր) կարգավորչի հաշվեկշիռը դարձրել են $3,2 տրլն։ Սա բավական հետաքրքրական է, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հաշվեկշիռը քանակական մեղմացման քաղաքականության երկու ծրագրերից հետո ընդամենը $2,9 տրլն է։

Այս ամենը կարող է վկայել այն մասին, որ ԵԿԲ-ն ոչ պաշտոնապես միացրել է տպագրական մեքենան՝ գնելով խնդրահարույց երկրների պետական պարտատոմսերը (Պորտուգալիա, Իտալիա, Իռլանդիա, Հունաստան, Իսպանիա)։ Այս մասին, իր հերթին, վկայում է եվրոյի դեկտեմբերյան արժեզրկումը, թեև ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին հերքում է այս փաստը։ Այս հարցում հարկ է համեմատել ԵԿԲ-ի հաշվեկշռի աճի դինամիկան ԴՊՀ-ի հաշվեկշռի դինամիկայի հետ։

Եվրոպական կարգավորիչը, օգոստոսի վերջից ի վեր, իր ակտիվներն ավելացրել է $500 մլրդ-ով, իսկ տարեսկզբից՝ $700 մլրդ-ով։ Այս ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում է ԴՊՀ-ի կողմից ակտիվների գնման տեմպը՝ քանակական մեղմացման քաղաքականության երկրորդ փուլի ընթացքում։ Հիշեցնենք, որ ամերիկյան կարգավորչի այս քաղաքականությունը կոչված էր աջակցելու Միացյալ Նահանգների տնտեսության աճին։

Փորձագետներին անհանգստացնում է նաև այն, որ ԵԿԲ-ին հաջողվել է իր ակտիվներն ավելացնել փոխառված միջոցների 30 անգամ ավելի շատ օգտագործման հաշվին։ Համանման իրավիճակ էր ԱՄՆ-ում նաև 2008թ.՝ Lehman Brothers ներդրումային բանկի սնանկացումից հետո, ինչն էլ տվեց ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի մեկնարկը։

Մյուս կողմից՝ ԵԿԲ-ի և ԴՊՀ-ի քաղաքականություններն ունեն մեկ գլխավոր տարբերություն՝ կարգավորիչների նախաձեռնած գործողությունների մասին տեղեկատվության հասանելիությունը։ Չնայած ԴՊՀ-ի հետագա քայլերը մշտապես անկանխատեսելի են, այդուհանդերձ կարգավորչի կողմից օգտագործվող գործիքները հիմնականում թափանցիկ են, մշտապես հասանելի է հաշվեկշռի մասին տեղեկատվությունը՝ ի տարբերություն ԵԿԲ-ի։

Առանց ԵԿԲ-ի հաշվեկշռում ակտիվների որակի կամ փոխառված միջոցների օգտագործման մակարդակի մասին տեղեկատվության՝ ներդրողներին չափազանց բարդ կլինի հավատալ կարգավորչին, աջակցել նրա ֆինանսական համակարգին և իրենց ռիսկերին համադրելի համեմատաբար բարձր եկամտաբերություն պահանջել։

Նշենք, որ ԵԿԲ-ի նախօրեի նոր գործիքը համաշխարհային շուկաներին աճի նոր խթան հաղորդեց։ Կարգավորիչն առաջին անգամ աճուրդում եվրոպական բանկերին 1% տոկոսադրույքով եռամյա վարկեր առաջարկեց։ Այս ֆոնի վրա եվրոպական ինդեքսներն աճեցին ավելի քան 1%-ով, իսկ եվրոն որոշակիորեն ամրապնդեց դիրքերը։ Bloomberg-ի փորձագետների գնահատմամբ՝ եվրոպական բանկերի ներգրավված ընդհանուր գումարը €150-600 մլրդ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում