Սխալ ախտորոշման հետևանքով
Հաջողվե՞լ է արդյոք Եվրամիության ղեկավարներին կանխել եվրոպական տնտեսության, պետությունների, բանկերի և ֆինանսական գործիքների զոմբիացումը։ Այսպիսի հարցադրում է կատարում շվեյցարական UBS բանկի ավագ տնտեսագետ Ջորջ Մագնուսը բրիտանական The Financial Times-ում՝ անմիջապես պատասխանելով իր իսկ հարցին՝ դժբախտաբար՝ ոչ։
Ամենամեծ խնդիրն այն է, որ եվրոպացի առաջնորդները սխալ են ախտորոշել ճգնաժամի խորքային խնդիրները, որի պատճառով սխալ քաղաքականություն են վարում։ Հետաքրքրական է, որ եվրոգոտու առաջնորդները ճգնաժամը պայմանավորում են հարկաբյուջետային ոլորտում շռայլությամբ, այլ ոչ թե անդամ պետությունների միջև ահռելի դիսբալանսով։
Տնտեսության և պարտքերի վերակառուցման ռազմավարություն մշակելու փոխարեն, որը համաչափ կերպով կկիսեր պարտականությունները վարկատուների և պարտապանների միջև, առաջնորդները շարունակում են քարոզել ինստիտուցիոնալ հարկաբյուջետային քաղաքականություն՝ այն ճգնաժամից միակ ելքը համարելով։ Գործնականում նրանք առանձնացրել են «բյուջետային խնայողության միջոցառումներ» հատուկ գոտին, որտեղ ամեն ինչ շարժվում է փակ շրջանով։
Պարտապան երկրներին դժվար է հասնել բարեփոխումների համար անհրաժեշտ սոցիալ-քաղաքական այնպիսի համախմբվածության, որը կոչված կլիներ բարելավելու տնտեսական ցուցանիշները։ Եվրոգոտու երկրների տնտեսությունները հայտնվել են թույլ աճի կամ աճի բացակայության փակ շրջանում, մի իրավիճակում, երբ բյուջետային դեֆիցիտի և պետպարտքի թույլատրելի մակարդակն ավելի ու ավելի անհասանելի է դառնում, իսկ խնայողության նոր միջոցառումները ճնշում են աճը։
Առանց տնտեսական աճի՝ անհնար է բարձրացնել պետությունների վարկունակությունը՝ անկախ նրանից, թե ինչքան գումարներ կհատկացնեն Եվրոպական կենտրոնական բանկն (ԵԿԲ) ու Արժույթի միջազգային հիմնադրամը։ Սակայն եթե բացակայում է պետությունների վարկունակության նկատմամբ վստահությունը, ապա թերևս երկու պատճառ կա՝ կասկածելու այսպես կոչված բյուջետային միության կենսունակությանը։
Առաջին՝ ոչ ոք մտադիր չէ Եվրոպայի երկրների պարտատոմսերի առանձին շուկաները վերածել եվրոբոնդերի հսկայական շուկայի, որի համար երկրները համատեղ պատասխանատվություն կկրեն։ Ավելի բարդ կլինի ներդրողներին համոզել կրկին ֆինանսավորել թույլ տնտեսությունների պետպարտքերը։
Երկրորդ՝ բյուջետային միության մասին խոսելիս պետք է խոստովանել, որ պետությունների և բանկերի վարկունակությունը փոխկապակցված է։ Եվրոպային անհրաժեշտ է ոչ միայն հարկաբյուջետային, այլև բանկային ֆեդերալիզմ։ «Եվրոպական բանկային կառավարմանն» անհրաժեշտ է ավելի մեծ լիազորություններ տալ։
Ճիշտ է, իրացվելիության ոլորտում ԵԿԲ նոր միջոցառումները կթեթևացնեն բանկերի ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ Կարճաժամկետ հեռանկարում դեֆոլտի ռիսկը նվազեցնող այս նախաձեռնությունը որոշ չափով կհանգստացնի շուկաներին։ Սակայն ինչպես ֆինանսական մյուս միջոցառումները, այն թույլ կտա միայն ժամանակ շահել, որին կհաջորդի տնտեսական անկումը։ Ավելին՝ սա ճանապարհ է, որը տանում է դեպի պետական ֆինանսների ազգայնացում ու մեծացնում է եվրոգոտու մասնատման հավանականությունը։
Սուրբ ծննդյան տոներից հետո ֆինանսական շուկաները կվերախմբավորվեն եվրոյի հաջորդ ճգնաժամի սպասումների ներքո։ ԵԿԲ միջոցառումները միայն այն դեպքում արդյունավետ կլինեն, եթե քաղաքական առաջնորդները դուրս գան դեպրեսիայի և խնայողության իրենց փաթեթի շրջանակից։
Civilnet











