2012-ը՝ 2011թ. կրկնություն
Հանգիստ շո՛ւնչ քաշեք, գրում է Reuters-ը՝ նշելով, որ պետք չէ շատ բան ակնկալել եկող տարվանից։ 2012թ. վերաբերյալ կանխատեսումները հիմնականում կրկնում են 2011-ինը՝ հաջորդ տարին կլինի ֆոնդային բորսաների անկայունության, բանկային ոլորտի հեղաշրջումների, գործազրկության բարձր մակարդակի, անշարժ գույքի շուկայում գների անկման, Facebook-ի, բջջային առևտրի, նոր նախագծերի, ինչպես նաև հարկադրույքների վերանայման մասին խոսակցությունների հերթական տարի։ Իսկ թե ինչպե՞ս կազդի այս ամենը 2012թ. մարդկանց գրպանների վրա ԱՄՆ-ում, կանխատեսել է Reuters-ը։
-Հաջորդ տարում ավելի շատ կվճարեք բանկային ծառայությունների դիմաց։ Խոշոր բանկերին այլ ելք չի մնում, քան իրենց համար ոչ եկամտաբեր ծառայությունների դիմաց ձեզ հաշիվ ներկայացնելը։
-2012թ. վարկերով ավելի շատ գնումներ կկատարեք և ձեր հաշվեհամարներից ավելի քիչ գումարներ կհանեք։ Թողարկողները կբարձրացնեն վարկային քարտերի տոկոսադրույքները՝ օգտագործողներին նվազ շահութաբեր դեբետային քարտերից հետ պահելու նպատակով։
-Անշարժ գույքի գներն անկում կապրեն, ու 2012-ն ավելի շուտ կնշանավորվի այս շուկայում գների կայունացմամբ։ Թեև սա դեռ չի նշանակելու, որ մոտ ապագայում շուկան կտրուկ վերելք կապրի։
-Գները կարող են բարձրանալ։ Գնաճի կանխատեսումը թեև բավական բարդ գործընթաց է, սակայն ներդրողները ներկայում նախընտրում Դաշնային պահուստային համակարգի գնաճից պաշտպանված արժեթղթերը (TIPS)՝ բացասական եկամտաբերությամբ։ Նրանց կարծիքով՝ եթե գնաճի մակարդակը բարձր լինի, կբարձրանան նաև այս պարտատոմսերի կարգավորվող տոկոսադրույքները։ Սակայն ֆինանսական հանճարների մեծ մասն այս ամենը կանխատեսել էր նաև 2011թ. համար, ինչից կարելի է եզրակացնել, որ ապագան անորոշ է։ Այնպես որ՝ «դիվերսիֆիկացվե՛ք» և սպասե՛ք։
Civilnet











