Հին աշխարհում ամենաշատը խնայել են հոլանդացիները
Պարտքային ճգնաժամը բացասաբար է անդրադարձել Ծննդյան տոներին կատարված եվրոպացիների ծախսերի վրա։ Գերմանական Postbank-ը սպառողների շրջանում անցկացված հարցումների հիման վրա պարզել է, որ այս տարի միջին վիճակագրական եվրոպական ընտանիքը տոնական նվերների համար ծախսել է միջինը €354, ինչը 4%-ով քիչ է 2010թ. նույն ցուցանիշից, գրում է գերմանական Handelsblatt-ը։
Տոնական ծախսերը եվրոպական երկրներում տարբեր են եղել։ Հունաստանում, որը դեֆոլտի շեմին է, Ծննդյան տոների վրա ծախսել են սովորականից 25% քիչ գումար։ Լյուքսեմբուրգի բնակիչները ևս 25%-ով են ձգել գոտիները, իռլանդացիները՝ 20%-ով։ Ինքնասահմանափակման ռեկորդակիրները, այնուամենայնիվ, հոլանդացիներն են, որոնք Ծննդյան տոների ծախսերը կրճատել են կիսով չափ։ Հատկանշական է, որ գերմանացիները, որոնց մի փոքր վախեցրել է գնաճի հեռանկարը, տոնական ծախսերը կրճատել են ընդամենը 1%-ով։
Գումարային արտահայտությամբ՝ առաջատար եռյակում լյուքսեմբուրգցիներն են, իռլանդացիները և շվեյցարացիները, որոնք տոնական նվերների համար հատկացրել են, համապատասխանաբար, €580, €520 և €496։ Գերմանացիները նախորդ տարիների պես ժլատություն են արել. Գերմանիայում միջին վիճակագրական ընտանիքը Սուրբ ծննդյան տոներին հատկացրել է €286, ինչը, մյուս կողմից, երկու անգամ ավել է հոլանդացիների ծախսերից, որոնց տոնական բյուջեն ամենահամեստն էր Հին աշխարհում՝ €134։ Անգամ հույներն են իրենց ավելին թույլ տվել՝ €180։
Civilnet











