ԱՄՆ-ը՝ ինքն իր սկզբունքների դեմ
Միացյալ Նահանգների ազատ շուկայական տնտեսությունը միֆ է, և իրականում ոչ ոք չի էլ հավատում դրա գոյությանը, գրում է «Ազատ շուկան չի գործում: Ի՞նչը կփոխարինի նրան և ինչո՞ւ» գրքի հեղինակ, տնտեսագետ Յան Ֆլետչերը The Huffington Post-ում հրապարակած իր հոդվածում։ Այն կրճատումներով ներկայացված է ստորև։
Կարևորը ցածր գինն է
Ազատ շուկայական տնտեսությունը գովերգում են բոլորը և բոլորն էլ Միացյալ Նահանգներում գիտեն, որ ազատ շուկան տնտեսության լավագույն տարբերակն է։ Սակայն ժամանակն է խոստովանել, որ իրականում ոչ ոք չի հավատում այդ միֆին։ Ավելին՝ ընկերությունները փախչում են նրանից, ինչպես համաճարակից։
Պատճառը պարզ է՝ իրական ազատ շուկան պետք է մրցակցության բարձր մակարդակ ապահովի։ Ցուցանիշը, որի համաձայն որոշվում է հաղթող ընկերությունը, գինն է։ Եթե ցանկանում եք հաղթել, պետք է գներն իջեցնեք, ինչը նշանակում է ավելի քիչ շահույթ։ Այդ պատճառով ընկերություններն անում են ամեն հնարավորը՝ իրենց ապրանքը մրցակիցների ապրանքից տարբերակելու համար։ Գնորդը ոչ մի դեպքում չպետք է մտածի, որ բոլոր արտադրողների ապրանքները միատեսակ են։ Սա ոչ թե կապիտալիզմի թերությունն է, այլ էությունը։ Սա այն է, ինչ կապիտալիզմն անում է կապիտալիզմի հետ։
Գնորդի և վաճառողի տարբերությունը
Ապրանքների տարբերակման կանոնն աշխատում է նաև աշխատուժի շուկայում։ Դուք ստանում եք նախատեսվածից բարձր աշխատավարձ, որովհետև կարող եք անել այն, ինչ մյուսները չեն կարող։ Դրանով դուք շահեկանորեն տարբեր եք գործազուրկներից։ Դուք պետք է մրցակցեք միայն նրանց հետ, ովքեր համանման ունակություններ ունեն։ Ձեր ունակությունները հենց այն են, ինչ տնտեսագետներն անվանում են «պատնեշ՝ շուկա մուտք գործելու ճանապարհին»։
Մյուս կողմից՝ ամեն ինչ կփոխվի, եթե շուկային նայեք ոչ թե վաճառողի, այլ գնորդի տեսանկյունից։ Օրինակ՝ դուք ցանկանում եք տոնածառ գնել, և վստահաբար ձեզ հաճելի չի լինի, եթե քաղաքում տոնածառերի միայն մեկ շուկա լինի։ Ձեզ համար շահեկան կլինի, եթե լինի առնվազն երկուսը, որպեսզի դուք որակն ու գները համեմատելու հնարավորություն ունենաք։ Շատ ավելի լավ կլինի, եթե բոլոր շուկաներն ինտերնետում հասանելի լինեն, և դուք կարողանաք գտնել այնտեղ ամենաէժան եղևնին ամբողջ աշխարհում։ Գնորդի ձեր ցանկությունը գիշերային մղձավանջ է վաճառողի համար։
Օլիգոպոլիայից մինչև մոնոպսոնիա
Մարդիկ հավատում են ազատ շուկային միայն այն ժամանակ, երբ դա իրենց ձեռնտու է, ինչը նշանակում է, որ ընդհանրապես չեն հավատում։ Իսկ նա, ով ասում է, որ հավատում է, կա՛մ հիմար է, կա՛մ հարցից ոչինչ չի հասկանում։
Հանրապետականների գլխավոր, սակայն չնշանավորված ձեռքբերումներից մեկը ԱՄՆ-ում հակամենաշնորհային օրենքի վերացումն էր։ Ամերիկյան արդյունաբերությունը ներկայում գերկենտրոնացած է։ Ամերիկացիների մեծ մասը չնկատեց էլ, թե դա ինչպես տեղի ունեցավ, որովհետև օլիգոպոլիաներն այսօր շատ հաջող կերպով են իրենց գոյությունը պահպանում։
Այժմ Նահանգներում զարգանում է մոնոպսոնիան (շուկայական իրավիճակ, երբ միակ գնորդը համագործակցում է բազմաթիվ վաճառողների հետ՝ թելադրելով նրանց վաճառքների գինն ու ծավալը)։ Ամերիկացի ֆերմերները ներկայում հայտնվել են շուկայի «խտացման» թակարդում: Նրանք արտադրական ծախսերը բարձրացնող մոնոպոլիաների և իրենց արտադրանքի գներն իջեցնող մոնոպոլիաների արանքում են։
Հերքել պիրատությունը՝ խրախուսելով այն
Ռիչարդ Նիքսոնից հետո հանրապետականները ջանք չխնայեցին էժան աշխատուժ ստանալու համար։ Սակայն անօրինական ներգաղթյալների համաներումը, որին ի վերջո «հասավ» Ռոնալդ Ռեյգանը 1986թ., և որը կրկին առաջ քաշեց Ջորջ Բուշը 2007թ., ամենևին էլ նախագահների բարի կամքի դրսևորում չէր, այլ էժան աշխատուժի ստացման պարզ ցանկություն։
Իրականում ամերիկյան տնտեսության հիմքը երբեք էլ ազատ շուկան չի եղել։ Ազատ կամ համեմատաբար ազատ շուկան այդուհանդերձ առկա է տնտեսության մյուս ճյուղերում, սակայն ոչ աշխատուժի դեպքում։ Զարգացած պետությունների մեծ մասը խոստովանում է՝ ազատ շուկա գոյություն չունի։ Նրանք իրենց ջանքերն ուղղում են օլիգոպոլիայի բացասական ազդեցությունների նվազմանը՝ միաժամանակ օգտագործելով դրա դրական կողմերը։
Այս պետությունները հասկանում են, որ կորպորացիաներն անհրաժեշտ են, սակայն հաճախ զբաղվում են «պիրատությամբ». կառավարությունը միջոցներ է փնտրում հարկադրելու նրանց՝ կիսելու գողոնը։ Մինչդեռ ամերիկացիներն ապրում են մի պետությունում, որը սկզբունքորեն դեմ է «պիրատությանը»։
Civilnet











