Goldman Sachs-ը միայն տարեվերջին է հավատում
Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը երեկ Լոնդոնում կայացած համաժողովի ընթացքում հրապարակել է համաշխարհային տնտեսության աճի՝ 2012 և 2013 թթ. իր կանխատեսումը՝ Goldman Sachs Global Economic Outlook-ը։ Բանկի կանխատեսումները համեմատաբար լավատեսական են զարգացող երկրների և հոռետեսական՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների տնտեսական աճի հարցում։
Ընթացիկ տարում համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 3,2%, իսկ 2013թ.՝ 4,1%, կանխատեսում է Goldman Sachs-ը։ 2012թ. Միացյալ Նահանգներում բանկն ակնկալում է տնտեսական աճի դանդաղում, սակայն ոչ ռեցեսիա։ «Գլոբալ աճի ազդակը դանդաղել է, ինչը և հանգեցրել է մեր գլոբալ կանխատեսումների վերանայմանը»,– ասված է բանկի կանխատեսման մեջ։
Հատկանշական է, որ Goldman Sachs-ի կանխատեսումը տարբերվում է կոնսենսուսային կանխատեսումից (արված նմանատիպ այլ կանխատեսումների հավաքական տվյալների հիման վրա-խմբ.)։ Բանկը 2012թ. ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 1,7% մակարդակում՝ կոնսենսուսի 2,1%-ի համեմատ։ Եվրոգոտու ՀՆԱ-ի կրճատումը, ըստ բանկի, կկազմի 0,8%՝ կոնսենսուսային 0,1%-ի համեմատ։
«2012թ. եվրոգոտում մենք ակնկալում ենք ավելի խոր ռեցեսիա և միայն տարեվերջին՝ դրության կայունացում»,– հայտարարել է բանկի գլոբալ ներդրումների ուսումնասիրության գծով գլխավոր տնտեսագետ Յան Հատցիուսը։ Տնտեսագետը սա պայմանավորում է տարածաշրջանում տնտեսական հիմնական քաղաքականության փոփոխությամբ և խնդրահարույց երկրներին Եվրոպական կենտրոնական բանկի կողմից ցուցաբերվող աջակցությամբ։
«Ինչ վերաբերում է զարգացող շուկաներին, մասնավորապես՝ Չինաստանին, ապա մենք ակնկալում ենք արտաքին ազդեցությունների նվազում, թեև զարգացող շուկաների հիմնական ռիսկերից մեկը թաքնված է հենց կապիտալի գլոբալ հոսքերի տեղաբաշխման էական խախտումներում»,– հավելել է Հատցիուսը։ Այսպես՝ բանկը 2012թ. BRIC բոլոր երկրների համար (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) կանխատեսել է ՀՆԱ-ի 7,1%-անոց աճ (կոնսենսուսի 7,0%-ի դիմաց)։
Ընթացիկ տարվա համար Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի տնտեսությունների վերաբերյալ բանկի կանխատեսումները հիմնականում համընկնում են կոնսենսուսային կանխատեսմանը՝ 2,0% և 0,7% աճ համապատասխանաբար։
Civilnet











