Արժույթի փրկության հերթական փորձերը Մերկոզիից
Եվրոգոտու ճգնաժամն ու դրա հաղթահարման ուղիների որոնումը շարունակում է մնալ շուկաների ու եվրոպական առաջնորդների ուշադրության կենտրոնում։ Երեկ Բեռլինում կայացել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որի օրակարգում Եվրամիության տարածքում ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ հարկի՝ այսպես կոչված «Թոբինի հարկ»-ի սահմանումն էր։
Այս քայլը նպատակ ունի ԵՄ տարածքում սահմանափակել սպեկուլյատիվ գործարքների թիվը, նպաստել շուկաների կարգավորմանը և համալրել միության խնդրահարույց երկրների բյուջեները։ Եվրահանձնաժողովի հաշվարկների համաձայն՝ «Թոբինի հարկ»-ի սահմանումը ԵՄ-ին տարեկան լրացուցիչ €55 մլրդ գումար կապահովի։ Այն նախատեսում է բաժնետոմսերի և պարտատոմսերի վաճառքի, ինչպես նաև ֆինանսական որոշ գործարքների նկատմամբ համապատասխանաբար 0,1%-անոց և 0,01%-անոց հարկադրույքների սահմանում, հաղորդում է Reuters-ը։
ԵՄ տարածքում «Թոբինի հարկ»-ի սահմանման նախաձեռնությունը պատկանում է պաշտոնական Փարիզին և Բեռլինին։ Մերկոզիի այս առաջարկը նախկինում բազմիցս հանդիպել է միության մի շարք անդամների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի կոշտ դիրքորոշմանը։ Օրենքի ընդունման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր՝ 27 անդամ պետությունների համաձայնությունը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը սպառնացել է արգելափակել համաեվրոպական հարկի սահմանման օրինագիծը, թեև պատրաստակամություն է հայտնել աջակցել օրինագծին, եթե այդպիսի հարկատեսակ սահմանվի ամբողջ աշխարհում։ «Եթե ֆրանսիացիներին այդքան անհրաժեշտ է այս հարկը, ապա նրանց ոչինչ չի խանգարում այն սեփական երկրում սահմանել»,– նախօրեին հայտարարել էր Քեմերոնը։
ԵՄ գագաթաժողովներին ընդառաջ ֆրանս-գերմանական տանդեմի հանդիպումները վերածվել են յուրօրինակ ավանդույթի։ Մերկոզիի բեռլինյան այս հանդիպումը կարևոր է Եվրամիության և Եվրախմբի առաջնորդների՝ ընթացիկ ամսվա վերջին կայանալիք գագաթաժողովների նախաշեմին, որտեղ հերթական անգամ քննարկվելու են եվրոյի փրկությանն ու եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես՝ վճռվելու է եվրոպական հարկաբյուջետային միության ստեղծման ճակատագիրը։
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը վստահ է, որ նորաթուխ տարին վերջինը չի լինի եվրոյի կյանքում, իսկ արժութային միության առկա խնդիրները հաղթահարելի են։ Մյուս կողմից՝ ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսը նախազգուշացրել է, թե եվրոյի թուլացումը կարող է հանգեցնել եվրոգոտու և ԵՄ-ի քայքայմանը։ Ներդրողի կարծիքով՝ ներկայիս ճգնաժամն ավելի վտանգավոր է, քան 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամն էր, իսկ հիմնական տարբերությունն այն է, որ եվրոյի փրկության ուղիները շարունակում են անորոշ մնալ։ Հատկանշական է, որ եվրոգոտու ճգնաժամի խորացման հարցում ամերիկացի միլիարդատերը բազմիցս քննադատել է հենց ԵՄ իշխանություններին, մասնավորապես՝ Մերկելին։
Եվրոյի փլուզումը ձեռնտու չէ ինչպես եվրոպացիներին, այնպես էլ վերջիններիս վարկատուներին։ Այս պատճառով փորձագետներն ավելի քան համոզված են, որ եվրոյի փրկության գործին կլծվեն բոլորը՝ առանց բացառության։
Այս ֆոնին եվրոպական արժույթը նախորդ շաբաթվա վերջին արձանագրել է իր 16-ամսյա նվազագույն ցուցանիշը ամերիկյան դոլարի և 11-ամյա նվազագույն ցուցանիշը ճապոնական յենի նկատմամբ։ Այս, ինչպես նաև Իտալիայի և Իսպանիայի պետական պարտատոմսերի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակ լարվածության մեջ է պահում ներդրողներին։ Նշենք, որ անցած շաբաթվա վերջին Եվրոպական կենտրոնական բանկը պետպարտատոմսերի շուկայի կայունությունն ապահովելու նպատակով կրկին իսպանական և իտալական պարտատոմսերի խոշոր փաթեթներ է ձեռք բերել։
Civilnet











