ԱՄՆ-ը կրկնում է պատերազմական շրջանի ռեկորդները
Միացյալ Նահանգների պետպարտքը Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ գերազանցել է երկրի ՀՆԱ-ի տարեկան ծավալը։ Պետության պարտավորությունները $15,23 տրլն են, այն դեպքում, երբ մեկ տարվա ընթացքում երկրում արտադրվող ապրանքների և ծառայությունների ընդհանուր ծավալը գնահատվում է $15,17 տրլն։
«Սա նշանակում է, որ երկրի ամբողջ արտադրությունն ուղղված է պետպարտքի մարմանը»,– գրում է USA Today պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի փորձագետների կարծիքը։ Վերջիններս անհրաժեշտ են համարում առաջիկա տասնամյակում պետական ծախսերը կրճատել $6 տրլն-ով։ Ընդ որում՝ տնտեսական երկարաժամկետ կանխատեսումները առաջիկա տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ի պետպարտքի մակարդակը դիտարկում են $26 տրլն-ի սահմանում։ Ավելին՝ պետպարտքի ներկայիս մակարդակը պահպանելու համար ամերիկյան տնտեսությունը պետք է աճի տարեկան առնվազն 6%-ով։
Միացյալ Նահանգներում պետպարտքի նման բարձր մակարդակ արձանագրվել է Երկրորդ աշխարհամարտի և դրան հաջորդած տարիների ընթացքում։ Մինչև 1981թ. ամերիկյան պետպարտքի ծավալը նվազել է ՀՆԱ-ի 32,5%-ը։ Դրան հաջորդել է տնտեսության համեմատաբար կայուն աճի ժամակաշրջանը՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի իշխանության տարիներին (1981-1989 թթ.)։ Այդուհետ իրավիճակը կտրուկ վատթարացել է, և մինչև Բարաք Օբամայի նախագահության մեկնարկը (2008թ.) ԱՄՆ-ը ռեցեսիայից խուսափելու նպատակով երկու անգամ դիմել է բյուջետային խթանման քաղաքականության օգնությանը։
Ներկայում Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնեցնում են առաջիկա տասնամյակում երկրի պետպարտքը $1 տրլն-ով կրճատելու ծրագիրը։ Եթե օրենսդիրները չկարողանան համաձայնության գալ պետպարտքի հետագա կրճատման շուրջ, ապա հաջորդ տարվանից ուժի մեջ կմտնի պետծախսերը $1,2 տրլն-ով կրճատելու ծրագիրը։ Այն առաջին հերթին նախատեսում է ռազմական ծախսերի կրճատում։
Համեմատության համար նշենք, որ զարգացած մի շարք երկրներում ևս (Հունաստան, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Պորտուգալիա և Ճապոնիա) պետպարտքի մակարդակը գերազանցում է ՀՆԱ-ի տարեկան ծավալը։ Չնայած գլոբալ տնտեսական իրավիճակի վատթարացման հնարավորությանը՝ ամերիկյան տնտեսությանը ձեռնտու է եվրոպական ճգնաժամը։ Միացյալ Նահանգները կշարունակի օգտվել Հին աշխարհի ճգնաժամից, քանի որ կապիտալը կշարունակի հոսել դեպի ԱՄՆ՝ որպես խնայողությունների համար ապահով հանգրվան։
Փորձագետների կանխատեսմամբ՝ 2012թ. 1-ին եռամսյակում ամերիկյան «դեֆոլտային նոր շոուն» կհանգեցնի գանձապետական պարտատոմսերի պահանջարկի պարադոքսալ մեծացմանը։ Սա թերևս կլուծի ԱՄՆ-ի ահռելի արտաքին պարտքի սպասարկման վերաֆինանսավորման խնդիրը։
Նշենք, որ նախօրեին ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը հրապարակել է համաշխարհային տնտեսության աճի՝ 2012 և 2013 թթ. իր կանխատեսումը, որի համաձայն՝ ԱՄՆ-ի տնտեսության աճը 2012թ. կկազմի 1,7%, եվրոգոտու ՀՆԱ-ն կկրճատվի 0,8%-ով։
Civilnet











