Deutsche Boerse-ի և NYSE Euronext-ի միաձուլումը վտանգված է
Առևտրային հարթակների միաձուլումների և կլանումների շուկայում գլոբալ միտումները կարծես թե փոխվում են։ Եթե նախկինում ավելի հաճախ էին հնչում բորսաների միաձուլման մասին հայտարարություններ, ապա ներկայում այս միտումը մարում է։ Նյու Յորքի NYSE Euronext (New York Stock Exchange) և Ֆրանկֆուրտի Deutsche Boerse (DB) առևտրային հարթակների միաձուլումը ևս, ամենայն հավանականությամբ, չի կայանա։ Պատճառը գործարքն արգելափակելու Եվրահանձնաժողովի առաջարկն է, գրում է բրիտանական The Financial Times-ը։
«Ես մտադիր եմ արգելափակել առևտրային ամենախոշոր հարթակի ստեղծումը, եթե բորսաները պատրաստ չեն վաճառել իրենց՝ դերիվատիվների վաճառքով զբաղվող երկու հիմնական հարթակներից մեկը»,– ասել է Եվրամիության՝ հակամենաշնորհային քաղաքականության հարցերով հանձնակատար Խոակին Ալմունիան՝ հավելելով, որ բորսայական խմբերի ղեկավարները մերժել են նման հնարավորությունը։
Բորսաները չեն հանձնվում
Այնուամենայնիվ, գործարքը «փրկելու» շանսեր դեռ կան, եթե այն արժանանա քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հավանությանն ու աջակցությանը, գրում է The Financial Times-ը։ Ավելին՝ DB-ում վստահեցնում են, որ իրենք Եվրահանձնաժողովից գործարքի արգելափակման վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չեն ստացել։
Նշենք, որ երեկ՝ ուշ երեկոյան, նախատեսված էր DB-ի գործադիր տնօրեն Ռետո Ֆրանչիոնիի և NYSE-ի ղեկավար Դունկան Նիդերաուերի հանդիպումը։ Ամեն դեպքում, կողմերը հարկադրված են սպասել մինչև ընթացիկ տարվա փետրվարի 9-ը, երբ հայտնի կդառնա Եվրահանձաժողովի վերջնական որոշումը։
Եվրոպական կարգավորչի դրական որոշման դեպքում կստեղծվի համաշխարհային խոշորագույն բորսայական օպերատորը՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշի ($25,9 մլրդ): Նոր օպերատորը կգերազանցի համաշխարհային ներկայիս առաջատար Հոնգ Կոնգի Hong Kong Exchanges & Clearing առևտրային հարթակին ($24,9 մլրդ շուկայական կապիտալիզացիայով): Ստեղծվելիք առևտրային հարթակը խոշորագույնը կլինի նաև բաժնետոմսերի և դերիվատիվների վաճառքի ցուցանիշով:
Նշենք, որ առևտրային այս հարթակների միավորման շուրջ բանակցությունները շարունակվում են մոտ մեկ տարի։ Գործարքը նախատեսվում էր իրականացնել բաժնետոմսերի փոխանակման միջոցով, ինչի արդյունքում DB-ն պետք է վերահսկեր միավորված ընկերության կապիտալի 60%-ը: Առևտրային նոր հարթակի գործադիր տնօրեն պետք է դառնար NYSE-ի ղեկավարը։ Նախատեսվում էր, որ միավորված ընկերությունը կենտրոնակայաններ կունենար Նյու Յորքում և Ֆրանկֆուրտում, իսկ ընկերությունները կապահովեին մոտ $410 մլն-ի սիներգետիկ էֆեկտ։ Հետաքրքրական է նաև, որ երկու օպերատորներին պատկանող Eurex և Liffe հարթակները, ընդհանուր առմամբ, վերահսկում են դերիվատիվների վաճառքների 95%-ը։
Մամուլում գործարքի արգելափակման մասին լուրերի հայտնվելուց հետո NYSE-ի բաժնետոմսերը Նյու Յորքի բորսայում արժևորվել են 4,6%-ով՝ մինչև $27,79 մեկ բաժնետոմսի դիմաց։ DB-ի բաժնետոմսերը համապատասխանաբար արժևորվել են 4,9%-ով՝ €42 մեկ բաժնետոմսի դիմաց։
Նշենք, որ NYSE-ն ներառում է Նյու Յորքի բորսան, ինչպես նաև առևտրային հարթակներ Փարիզում, Ամստերդամում, Բրյուսելում և Լիսաբոնում: Deutsche Boerse-ը Եվրոպայի խոշորագույն բորսան է՝ ըստ կապիտալիզացիայի ցուցանիշի: Այն վերահսկում է Ֆրանկֆուրտի բորսան և Eurex միջազգային հարթակի դերիվատիվների գործարքների 50%-ը:
Օրինաչափությունից դեպի բացառություն
Հակամենաշնորհային եվրոպական կարգավորչի այս որոշումը լրջագույն խոչընդոտ է գերմանական և ամերիկյան բորսաների միաձուլման ճանապարհին։ Գործարքի տապալումը կարող է դառնալ միաձուլումների և կլանումների շուկայի հերթական հիասթափություններից մեկը, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը։
Թեև վերջին շրջանում առևտրային հարթակների միավորման գործարքները օրինաչափ են դարձել, այդուամենայնիվ միտումը հետզհետե մարում է։ Միաձուլումներն այսուհետ կդառնան ոչ թե օրինաչափություն, այլ բացառություն, գրում է կանադական The Globe and Mail-ը։
Հիշեցնենք, որ 2011թ. միավորվեցին Մոսկվայի միջբանկային արժութային բորսան (MICEX) և Ռուսական առևտրային համակարգը (RTS)։ Բանակցություններ էին ընթանում նաև MICEX-ի և Ղազախստանի ֆոնդային բորսայի միավորման շուրջ։ Իսկ Լոնդոնի և Տորոնտոյի բորսաների միաձուլումը, ահա, այդպես էլ չկայացավ։
Civilnet











