Միասնական արժույթից շահել են բոլորը
Եվրոն Եվրոպայի ոչ թե թշնամին է, այլ բարեկամը, ասված է McKinsey & Company Inc. խորհրդատվական ընկերության «Եվրոյի ապագան» ուսումնասիրության մեջ։ Ընկերության փորձագետների համոզմամբ՝ եվրոգոտու անգամ խնդրահարույց երկրներն են շահել միասնական արժույթի ներմուծումից։ Եվրոգոտու քայքայումը կնշանակի համաշխարհային տնտեսության անկում, վստահ է McKinsey-ն։
Խորհրդատվական ընկերության հաշվարկների համաձայն՝ միասնական արժույթի ներմուծումը եվրոգոտու բոլոր 17 անդամ պետություններին 2010թ. ապահովել է €332 մլրդ կամ նրանց ընդհանուր ՀՆԱ-ի 3,6%-ը։ Այս գումարի «առյուծի բաժինը»՝ €195 մլրդ-ը, ստացվել է ցածր տոկոսադրույքների, ևս €100 մլրդ-ը՝ առևտրի միասնական շուկայի զարգացման շնորհիվ։ Կարևոր դեր է խաղացել նաև տեխնիկական, այդ թվում՝ տրանզակցիաների ծախսերի կրճատումը։ Գերմանիայում, օրինակ, տնտեսության զարգացմանը նպաստել է ընկերությունների մրցունակության բարձրացումը՝ մինչեվրոյական տարիների համեմատ։
Միասնական արժույթի ներմուծումից եվրոգոտում ամենաշատը շահել է Ավստրիան։ 2010թ. եվրոն այս երկրի տնտեսությանը լրացուցիչ €2,2 մլրդ է ապահովել կամ ՀՆԱ-ի 7,8%-ը։
Հետաքրքրական է, որ եվրոյի ներդրումից շահել են անգամ արժութային միության խնդրահարույց երկրները՝ Հունաստանը, Իտալիան և Պորտուգալիան։ Նրանց տնտեսությունները 2010թ. հարստացել են համապատասխանաբար ՀՆԱ-ի 0,1%-ի, 2,7%-ի և 2,1%-ի չափով։
Այդուհանդերձ, McKinsey-ն հերքում է տեսակետը, թե եվրոգոտու առաջատար տնտեսությունների վերելքը տեղի է ունեցել համեմատաբար թույլերի հաշվին։
Հետաքրքրական է, որ McKinsey-ն եվրոյի փլուզման սցենարը ողբերգություն է համարում ողջ տարածաշրջանի համար։ Այս դեպքում, փորձագետների կարծիքով, միասնական արժույթից չեն հրաժարվի միայն հյուսիսային երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Սլովակիան և Սլովենիան։ Ուստի արդեն նախկին եվրոգոտուն կպատուհասի ավելի ծանր ռեցեսիա, քան 2008-2009 թթ. էր։
Եվրոգոտու «լքյալների» տնտեսությունը մինչև 2016թ. անկում կապրի 2,7%-ով, պետպարտքը կաճի մինչև ՀՆԱ-ի 129%-ը, գործազրկությունը՝ մինչև 24%-ը։ Ավելին՝ եվրոգոտու կազմում մնացած երկրները ևս կհայտնվեն ոչ շահեկան վիճակում. նրանց ՀՆԱ-ն տարեկան կկրճատվի 0,9%-ով, պետպարտքը կաճի 90%-ով։ Այս ամենի հետևանքով կստեղծվի իրացվելիության ճգնաժամ, որն ավելի ծանր կլինի, քան 2008թ.Lehman Brothers-ի սնանկացմանը հաջորդած իրավիճակն էր։
Եվրոյի զարգացման հավանական սցենարներից մեկը խնդրահարույց երկրների գումարային խթանման քաղաքականությունն է և Եվրոպական կենտրոնական բանկի ազդեցության մեծացումը։ McKinsey-ի փորձագետների կարծիքով՝ այս տարբերակն ամենացանկալին չէ, քանի որ այն ունակ է լուծել միայն իրացվելիության խնդիրը և ոչ տարածաշրջանի խնդիրները երկարաժամկետ հեռանկարում։ Այս դեպքում կպահպանվի շուկաների անկայունությունը, կշարունակի ցածր մնալ ՀՆԱ-ի աճը, պետպարտքը կաճի։
Ընկերությունն առավել ընդունելի է համարում երկու սցենար։
Առաջինի համաձայն՝ անհրաժեշտ է խստացնել բյուջետային վերահսկողությունը, ինչի շուրջ 2011թ. դեկտեմբերի վերջին պայմանավորվածություն էին ձեռք բերել Եվրոպայի առաջնորդները։ Բյուջետային դեֆիցիտի և պետպարտքի կառուցվածքային բարեփոխումներն ու խիստ վերահսկողությունը մինչև 2021թ. ՀՆԱ-ի տարեկան 2-տոկոսանոց աճ կապահովեն։
Երկրորդ սցենարի համաձայն՝ ազգային բոլոր բյուջեները գործնականում անհրաժեշտ է միավորել անդրազգային մեկ միասնական բյուջեում։ Այս տարբերակն ընկերությունն ավելի կենսունակ է համարում, չնայած որոշ ասպեկտներով այն զիջում է առաջինին։ Այս տարբերակը կյանքի կոչելու դեպքում մինչև 2016թ. եվրոգոտու տնտեսությունների ՀՆԱ-ն տարեկան աճը կլինի 1%, կբարձրանա նաև պետպարտքի և գործազրկության մակարդակը, թեև աննշան։
Civilnet











