Դավոսն առանձնացրել է տասնամյակի գլոբալ ռիսկերը
Առաջիկա տասնամյակում համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերն իրականում ավելի վտանգավոր են, քան պատկերված են հոլիվուդյան թրիլերներում։ Խրոնիկ ֆինանսական դիսբալանսները և եկամուտների անհավասարչափ բաշխումն առաջիկա տասը տարում ևս մեր անբաժան ուղեկիցներն են մնալու։ Այսպիսի կանխատեսում է պարունակում Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ)՝ նախօրեին հրապարակած «2012թ. գլոբալ ռիսկերը» զեկույցը։ Այն հիմնված է հինգ հիմնական ոլորտների (տնտեսական, էկոլոգիական, աշխարհաքաղաքական, սոցիալական և տեխնոլոգիական) վերաբերյալ 469 փորձագետների կանխատեսումների վրա։ Գնահատումները կատարվել են 5-բալանոց համակարգով։ Արդյունքում ՀՏՖ-ն առանձնացրել է համաշխարհային տնտեսությանը սպառնացող 50 ռիսկ։
Զեկույցում 2012թ. համար ռիսկային համարվող հինգ հիմնական ոլորտներից յուրաքանչյուրի համար առանձնացվում է «ձգողականության կենտրոն», որը ներառում է տվյալ ոլորտում համակարգային համարվող ռիսկը՝ խրոնիկ ֆինանսական դիսբալանսներ, ջերմոցային գազերի արտանետում, գլոբալ կառավարման ճգնաժամ, Երկիր մոլորակի բնակչության ժողովրդագրական անընդունելի աճ և չափազանց կարևոր տեխնոլոգիական համակարգերի աշխատանքի խափանում։
Ընդ որում՝ այս տարի գլոբալ ռիսկերի շեշտադրումներն էկոլոգիական ոլորտից տեղափոխվել են սոցիալական դաշտ։ Հարցման մասնակից փորձագետների կանխատեսմամբ՝ 2012թ. առաջին տեղում կլինեն տնտեսական ռիսկերը։ Ի դեպ՝ պետպարտքի չափազանց բարձր մակարդակն ու բյուջետային դիսբալանսները կարևոր տեղ էին զբաղեցնում նաև ՀՏՖ-ի նախորդ երկու զեկույցներում։
ՀՏՖ-ն զգուշացնում է, որ Արաբական գարնան և Ուոլ սթրիթի ցույցերում առկա բողոքի և դժգոհության ալիքի բացասական տարրերը սպառնում են խախտել գլոբալականացման գործընթացը և համաշխարհային տնտեսության հիմքերը։ Ըստ Reuters-ի՝ զեկույցը վկայում է, որ գլոբալ շուկայի առաջընթացի հեռանկարներն ավելի ու ավելի մշուշոտ են դարձել։
Հետաքրքրական է, որ սա համանման ուսումնասիրություններից առաջինն է, որը հաջորդ տասնամյակում բնակչության կենսամակարդակի անկում է կանխատեսում՝ նշելով, որ երիտասարդության շրջանում գործազրկության աճը, կենսաթոշակային ճգնաժամն ու բարեկեցության կտրուկ տարբերությունները վտանգում են գլոբալացման նախկին բոլոր ձեռքբերումները։
Հիշեցնենք, որ շվեյցարական Դավոսում երկու շաբաթ հետո մեկնարկում է հերթական տնտեսական ֆորումը։ Վերջին չորս տասնամյակում այն դարձել է քաղաքական գործիչների, կենտրոնական բանկերի նախագահների և խոշոր բիզնեսմենների հավաքատեղի ու գլոբալացման խորհրդանիշ։
Civilnet











