Սպառողական վրեժ՝ չինական մոտիվներով
Քաղաքականությունում բոլոր միջոցներն էլ լավ են, ու սպառողական ապրանքների բոյկոտը Չինաստանում սրա վառ ապացույցն է։ Արևմտյան ապրանքատեսակներից դժգոհ չինացիները հաճախ են բողոքն արտահայտում բարբարոսական մեթոդներով, օրինակ՝ հրապարակավ ջարդուփշուր անելով այս կամ այն առարկան։ Սրան սովորաբար նախորդում է բողոքի ինտերնետային ալիքը՝ ուղղված, որպես կանոն, արևմտյան ընկերությունների դեմ, ինչն անխոս ձեռնտու է Պեկինին, գրում է գերմանական Der Speigel-ը։
Վերջին միջադեպը Պեկինում էր, երբ բլոգեր Լո Յունհաոն ինտերնետում վիրավորական հաղորդագրություններ ուղղեց գերմանական Bosch und Siemens Hausgeräte (BSH) ընկերության հասցեին՝ վերջինիս արտադրության սառնարանի անսարք դռան պատճառով։ Այնուհետ խոսքից չինացի բլոգերը գործի անցավ. նա կոնցեռնի պեկինյան կենտրոնակայանի մոտ ազատություն տվեց իր զայրույթին՝ հրապարակավ մուրճով կոտրելով անսարք սառնարանը։ Սրանից անմիջապես հետո BSH-ի չինական մասնաճյուղի ղեկավար Ռոլանդ Գերկենը հրապարակավ ներողություն խնդրեց չինացի սպառողներից։ Յունհաոն, որպես բլոգեր, բավական մեծ հեղինակություն ունի Չինաստանում, ուստի արտադրողի բոլոր արդարացումներն անօգուտ էին։
Չինացի սպառողին հենց սպառողն է պաշտպանում
«Արևմտյան ապրանքատեսակների բոյկոտը տարածված երևույթ է Չինաստանում»,– գրում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խորհրդատու Յորգա Վուտկեն։ Դրանցից «ամենաթանկարժեքը» տարիներ առաջ էր կրկին Պեկինում։ Չինաստանի քաղաքացիներից մեկի վարձած երիտասարդների խումբը հրապարակավ ջարդուփշուր արեց իր իսկ Lamborghini-ն։ Պատճառը հաճախորդի դժգոհությունն էր ընկերության դիլերային կենտրոնի աշխատանքից։
Քանի որ Երկնային կայսրությունում սպառողների իրավունքների պաշտպանության անկախ կազմակերպություն գոյություն չունի, գնորդներից շատերը հարկադրված են իրենց դժգոհությունն արտահայտել ինտերնետում։ Նրանց ինքնարտահայտման հիմնական հարթակը Facebook-ի և Twitter-ի հիբրիդ հանդիսացող Weibo-ն է։ Հենց այստեղ է ծնունդն առնում և հասունանում սպառողական բոյկոտը։
«Գերմանական ընկերությունները պետք է ուշադրության կենտրոնում պահեն չինական սոցցանցերը, ինչը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել սպառողների դժգոհություններին, խոստովանել սխալները և հայցել նրանց ներողամտությունը»,– գրում է Der Speigel-ը։ Ի դեպ՝ այս միջադեպից հետո BSH-ն Weibo-ում բացել է իր էջը, որի միջոցով կոնցեռնի աշխատակիցներն արագ արձագանքում են սպառողների հարցերին և դժգոհություններին։
Պաշտոնական Պեկինը գոհ է սպառողական բոյկոտից
Հետաքրքիր է, որ չինացի սպառողների դժգոհությունն ու զայրույթն ուղղված է հիմնականում արևմտյան ապրանքատեսակների դեմ։ Չինական պետական, անգամ մասնավոր ընկերություններն իրենց հայրենիքում երբևէ բացասական արձագանքի չեն արժանանում։ Սրա համար առնվազն երկու պատճառ կա։ Նախ՝ չինական ինտերնետ պրովայդերները փոխկապակցված են տեղական ընկերությունների հետ, քանի որ հենց վերջիններս են նրանց հիմնական գովազդատուները։ Եվ ապա՝ ընկերությունները հաճախ են միջազգային քաղաքականության զոհ դառնում, ինչպես օրինակ 2008թ., երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր աջակցությունը հայտնեց դալայ-լամային։ Չինացիներն անմիջապես բոյկոտեցին ֆրանսիական Carrefour սուպերմարկետների տեղական ցանցը։
Պաշտոնական Պեկինին կարծես թե ձեռնտու են բողոքի նման ակցիաները։ Սրանք ոչ միայն դժգոհությունն արտահայտելու միջոց են, այլև այլընտրանք իրական քաղաքական բոյկոտին։ Ուստի զարմանալի չէ, որ իշխանությունները հաճախ են չինացիների իրական բողոքն ուղղորդում դեպի սպառողական ոլորտ։
Civilnet











