Պատճառը սխալ պարտքերն են
Պետական պարտքային պարտավորությունների նկատմամբ վստահության անկումը 2011թ. կարևոր արդյունքներից էր։ Կառավարությունների չափազանց մեծ պարտքերի պայմաններում վարկանշային գործակալություններն անցած տարի պարզապես հարկադրված էին նվազեցնել համաշխարհային առաջատար մի շարք տնտեսությունների սուվերեն վարկանիշները։ Ըստ Եվրոպական կենտրոնական բանկի՝ արժեթղթերի շուկայի անկայունությունն այսօր հիշեցնում է 2008թ. Lehman Brothers-ի սնանկացումից հետո ստեղծված իրավիճակը, գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն իր խմբագրականում։
Պետպարտքերի հետ կապված ռիսկերն ավելի ու ավելի անկանխատեսելի են դառնում, գրում էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն (ՏՀԶԿ) իր դեկտեմբերյան հաշվետվությունում։ Կազմակերպությունում չեն բացառում, որ պետպարտքի շուկայի ներկայիս ցնցումները մի շարք պետությունների համար ի վերջո կփակեն մասնավոր կապիտալի շուկան։ Հիշեցնենք, որ կազմակերպությունը միավորում է աշխարհի ավելի քան երեք տասնյակ զարգացած պետություն։
Անցած տարվա ընթացքում ՏՀԶԿ անդամները շուկայից փոխառել են $10,4 տրլն։ Ընդ որում՝ պարտքի 44%-ը կարճաժամկետ է, ու կառավարությունները հարկադրված են վերափոխառել պարտքերը գրեթե ամեն ամիս։ Այս տարի զարգացած երկրները ծրագրում են շուկայից ևս $10,5 տրլն ներգրավել, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է 2005թ. փոխառված միջոցների ծավալը։
Պատրա՞ստ են արդյոք ներդրողները նման գումարներ տրամադրել։
Պետպարտատոմսերն արդեն կորցրել են իրենց «ոչ-ռիսկային» կարգավիճակը՝ պետության համար կտրուկ աճել է փոխառված գումարների արժեքը, բյուջետային պարտավորությունների կառուցվածքը հայտնվել է ներդրողների խոշորացույցի տակ։ Դժբախտաբար, պարտքային որոգայթն այնպես է կառուցված, որ պարտապան պետություններին քիչ բան է օգնում։
Երբ վարկատուներին է անցնում բյուջեի եկամուտների մեծ մասը, կառավարությունները ոչ թե կրճատում են պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը ՀՆԱ-ի աճի հաշվին, այլ ընդհակառակը՝ խորացնում են հարաբերակցության առկա տարբերությունը։ Դրությունը է՛լ ավելի է խորանում, երբ դեֆոլտի ռիսկի պատճառով սկսում են աճել տոկոսադրույքներն ու պարտքերի մակարդակը, ինչը գրեթե անհնարին է դարձնում պարտքերի մարումը, ինչի ականատեսն ենք Հունաստանում։
Զարգացող երկրների չափազանց մեծ պարտքերն իրենց հետ որպես կանոն դեֆոլտներ և տնտեսական ճգնաժամեր են բերում։ Որոշ տնտեսագետներ դրանում անգամ դրական, «մաքրագործող» դեր են նկատում. ոչ արդյունավետ կառավարությունները հեռանում են, պետությունները հարկադրված բարեփոխումների են դիմում։
Զարգացած երկրների դեպքում շատ ավելի բարդ է։ Դեֆոլտներն այստեղ քիչ հավանական են՝ պատճառը մեծ քաղաքականությունն է ու պահուստային արժույթները։ Արդյունքում ճգնաժամերը պարադոքսալ կերպով հանգեցնում են դեպի այս երկրներ կապիտալի ներհոսքի, ինչը որոշակիորեն թեթևացնում է դրությունը։ Սակայն խնդիրներն ավելի ուշ վերադառնում են, փոխառությունների տոկոսադրույքները՝ աճում։ Հենց այստեղ էլ թակարդը փակվում է։
Հրաշափառ փրկություն չի լինում. պարտքային ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է կա՛մ բարձրացնել հարկերը, կա՛մ գումարային խթանումների ճանապարհով մեծացնել գնաճը, կա՛մ էլ վարկատուներից խնդրել դուրս գրել պարտքերի մի մասը։ Բոլոր դեպքերում էլ տնտեսական աճի դանդաղումն անխուսափելի է։ Ու քանի դեռ «պարտքային առաջամարտիկները» Ճապոնիան, ԱՄՆ-ն և Եվրամիությունն են, համաշխարհային տնտեսությանը բարդ տարի է սպասվելու։
Civilnet











