Ասիական հսկաները վճռական են այս հարցում
Արժութային աշխարհը շատ ավելի բարդ է դարձել։ Արևմտյան պահուստային արժույթները՝ մասնավորապես ամերիկյան դոլարը, քիչ-քիչ կորցնում են գլոբալ գերակայությունը։ Այս ճանապարհին, առաջին հայացքից, ոչ այնքան նշանակալից թվացող երկու իրադարձություն է մեկնաբանում ռուսական Slon.ru կայքի սյունակագիր Անդրեաս Խյոֆերտը։
Հունվարի առաջին իսկ տասնօրյակից պարզ էր, որ 2012թ. լրահոսում կշարունակեն գերակա մնալ ԱՄՆ-ն ու Եվրոպան։
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նախօրեի հանդիպումը նպատակ ուներ նախապատրաստել հունվարի վերջին կայանալիք եվրագագաթաժողովը, որը շուկաները մայրացամաքի փրկության «վերջին հնարավորություն» են դիտարկում։ ԱՄՆ-ում պաշտոնապես մեկնարկել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը, որը դեռ երկար է ձգվելու։ Ու թվում է, թե անգամ այս պայմաններում են ներդրողները շարունակելու դոլարը «խաղաղ հանգրվան» համարել։ Մի՞թե ոչ մի բան չի փոխվել։ Չնայած երկու հայտարարություն վկայում է, որ դոլարը համաշխարհային պահուստային արարժույթի իր կարգավիճակը կորցնելու ճանապարհին է։
Ծննդյան տոներին Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն և Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան հայտարարեցին, թե երկկողմ առևտրում խթանելու են սեփական արժույթների օգտագործումը՝ դոլարային փոխհաշվարկների փոխարեն։ Սա, ինքնին, նորություն չէ։ Չինաստանը նմանատիպ համաձայնություններ ունի մի շարք պետությունների հետ, որոնցից առավել ծանրակշիռը մինչ այս Բրազիլիան էր։
Սակայն աշխարհի երկրորդ և երրորդ տնտեսությունների՝ Չինաստանի և Ճապոնիայի միջև առևտրաշրջանառության ծավալը հինգ անգամ գերազանցում է Չինաստանի և Բրազիլիայի միջև առևտրի ծավալները։ Չինաստանը ճապոնական ապրանքների խոշորագույն ներկրողն է, իսկ Ճապոնիան՝ չինական արտադրանքի երրորդ խոշոր շուկան՝ Եվրամիությունից և ԱՄՆ-ից հետո։
Նույն այդ հանդիպմանը Նոդայի կառավարությունը հայտարարեց նաև $500 մլն-ի չինական պետպարտատոմսեր ձեռք բերելու մտադրության մասին, որոնք գնանշվելու են յենով։ Գումարը թեև մեծ չէ, սակայն այն էականորեն աջակցելու է ճապոնական յենին՝ համաշխարհային արժույթ դառնալու ճանապարհին։
Դոլարի հնարավոր խնդիրների մասին են վկայում նաև Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) անցած տարվա դեկտեմբերի հրապարակած տվյալները։ Այսպես՝ վերջին չորս շաբաթներին ԱՄՆ-ի գանձապետական պարտավորությունների ծավալը այլ երկրների կենտրոնական բանկերի հաշվեկշիռներում նվազել է մինչև ռեկորդային $69 մլրդ։ Ընդ որում՝ պատկերն առավել հուսահատեցնող կլինի է, եթե պարզվի, որ Ճապոնիայի Կենտրոնական բանկը գանձապետական պարտավորությունները յենը դոլարի նկատմամբ արժեզրկելու նպատակով չի գնել։ Բացի այդ՝ եթե Տոկիոն և Պեկինը շարունակեն աշխատել դոլարի փոխարժեքի ուղղությամբ, ապա դոլարի արժևորմանն ուղղված ինտերվենցիաները հազիվ թե նախկին էական դերակատարումն ունենան։
Չինաստանն ու Ճապոնիան իրենց հաշվեկշիռներում դոլարային այնքան պարտավորություններ են պահում, որ նման միտումը որոշակի փուլում կազդի անգամ ԱՄՆ-ի տոկոսադրույքների վրա։ Ասիական երկու խոշորագույն տնտեսությունները միասին ամերիկյան գանձապետական պարտավորությունների ամենախոշոր պահառուներն են. նրանք տնօրինում են $2,1 տրլն-ի ամերիկյան պարտատոմս։ Գումարն ԱՄՆ-ի ընդհանուր պարտքի շուրջ 15%-ն է և երկու անգամ ավելի շատ, քան ԴՊՀ-ն ունի իր հաշվեկշռում։
Եթե Չինաստանի և Ճապոնիայի պես հզոր տնտեսությունները փոխհաշվարկներում սկսեն առավել ինտենսիվ «ազատվել» դոլարից, ապա սա լրջորեն կխարխլի դոլարի դիրքերը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ։ Ավելին՝ եթե այլ երկրներ ևս հետևեն նրանց օրինակին և նվազեցնեն իրենց կախվածությունն ամերիկյան արժույթից, մենք ականատես կլինենք դոլարի և նրա ինքնահռչակ մրցակցի՝ եվրոյի մայրամուտին։ Ընդ որում՝ մեկընդմիշտ։
Civilnet











