Գլխավոր Լրահոս

Ուրբաթ/13-ի էֆեկտները

Ուրբաթ/13-ի էֆեկտները

Վարկանշային «ջարդ» Եվրոպայում

Ուրբաթ ուշ երեկոյան Standard&Poor's (S&P) միջազգային վարկանշային գործակալությունը «ռմբակոծեց» Եվրոպայի ֆինանսական համակարգը՝ իջեցնելով եվրոգոտու 17 անդամ երկրներից 9-ի վարկային վարկանիշը։ Այս շարքում ամենատհաճը Հին աշխարհի խոշոր տնտեսություններից մեկի՝ Ֆրանսիայի վարկանիշի իջեցումն էր։ Եվրոպայի միակ հուսալի տնտեսությունն այսպիսով մնաց Գերմանիան, որի առավելագույն AAA վարկանիշը S&P-ն որևէ կերպ կասկածի տակ չի առնում։ Վարկանիշների վերանայումները նշանակում են Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF) միջոցների սպառում և Չինաստանի ազգային պահուստների կառուցվածքի փոփոխություն, հաղորդում է Bloomberg-ը։

Տնտեսական «գերազանցիկ»-ն արդեն «հարվածային» է

Փարիզին վարկային վարկանիշի իջեցման հնարավորության մասին զգուշացվել էր դեռ 2011թ. նոյեմբերին։ Ի դեպ՝ 1975-ից ի վեր Ֆրանսիան առաջին անգամ է զրկվում բարձրագույն այս վարկանիշից։ Ներկայում այն իջեցված է մեկ աստիճանով՝ մինչև AA+։

Ֆրանսիայում առջևում նախագահական ընտրություններ են, և վարկանշային «մինուսները» նախագահական պայքարում կարող են վերածվել «պլյուսների»։ Հատկանշական է, որ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին երեք օրվա ընթացքում որևէ կերպ չի մեկնաբանել S&P-ի որոշումը։ «Ֆինանսական ճգնաժամը փորձություն է, այդ պատճառով մենք պետք է պայքարենք դրա դեմ»,– ասել է նա՝ միաժամանակ խոստանալով ֆրանսիացիներին մինչև ընթացիկ ամսվա վերջ ներկայացնել ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հստակ որոշումների ցանկ։ «Ֆրանսիայի քաղաքականությունը վարկանշային գործակալությունները չեն որոշում։ Վարկանիշի իջեցումը տհաճ է, սակայն աղետալի չէ»,– հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարոուն։

Ամեն դեպքում՝ Սարկոզին պատմության մեջ կմնա որպես Ֆրանսիայի նախագահ, որի օրոք երկիրը կորցրեց «տնտեսական գերազանցիկ»-ի իր կարգավիճակը։ Արևմտյան պարբերականներից մեկն անգամ Ֆրանսիայի նախագահի «Սարկոզի» ազգանունից հանել էր «ա» տառը՝ որպես կորսված վարկանիշի «վկայություն», հաղորդում է Еuronews-ը։ Այս իրավիճակից քաղաքական դիվիդենտներ է փորձում շահել նախագահական մրցապայքարում Սարկոզիի մրցակից սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը՝ հայտարարելով, թե իր հաղթանակի դեպքում Ֆրանսիան չի հայտնվի վարկանշային գործակալությունների «ճանկերում»։

Ֆրանսիայի բախտակիցները

Հին Նոր տարին, Ֆրանսիայից բացի, վարկանիշների իջեցմամբ են սկսել Ավստրիան (մինչև AA+) Մալթան (A-), Սլովակիան (A), Սլովենիան (A+), Իտալիան (BBB+), Իսպանիան (A), Պորտուգալիան (BBB) և Կիպրոսը (BB+)։ Գերմանիայից բացի՝ Ֆինլանդիան, Հոլանդիան և Լյուքսեմբուրգը ևս պահպանել են իրենց բարձրագույն վարկանիշները, թեև բացասական կանխատեսմամբ։

Եվրոպայի արձագանքը S&P-ի որոշմանն ավելի քան սպասելի էր։ Եվրապաշտոնյաները փորձում են սխալներ փնտրել գործակալության հաշվարկներում։ «S&P-ի որոշումն անհիմն է»,– հայտարարել է տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը։

«Մենք դեռ շատ բան պետք է անենք՝ ներդրողների վստահությունը վերադարձնելու համար»,– ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա իր եվրոպացի գործընկերներին կոչ է արել կրկնապատկել պարտքային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրենց ջանքերը։

S&P-ի որոշման հետևանքները

Ֆրանսիայի և Ավստրիայի վարկանիշների իջեցումը նշանակում է, որ EFSF-ն ևս կզրկվի իր AAA վարկանիշից, քանի որ այն չունի սեփական միջոցները, իսկ գումարները ներգրավում է AAA մակարդակի պարտատոմսերի թողարկման միջոցով։ Մյուս կողմից՝ Մերկելը կարծում է, որ S&P-ի որոշումը չի խոչընդոտի EFSF-ի աշխատանքները։ Կանցլերը կոչ է արել հնարավորինս արագ գործարկել ESM (European Stability Mechanism) հիմնադրամը։ Վերջինս, ի տարբերություն EFSF-ի, աշխատելու է «կենդանի գումարներով»։ Նրա գործարկումը նախատեսված է 2013թ.։

S&P-ի որոշումն արձագանք կգտնի նաև Եվրոպայի սահմաններից դուրս, վստահեցնում են փորձագետները։ «Չինաստանն անկասկած կվերանայի եվրոգոտում կատարվող իր ներդրումները»,– The Huffington Post-ին ասել է տնտեսագետ Ռիչարդ Դրայվերը։ Թեև Պեկինը չի բացահայտում իր միջազգային ներդրումների կառուցվածքը, փորձագետները վերջինիս ընդհանուր ծավալում եվրոյով գնանշվող ակտիվները գնահատում են 20-25%։ Նշենք, որ 2011թ. 4-րդ եռամսյակում չինական ոսկեարժութային պահուստների ծավալը 1998թ. համեմատ $3,27 տրլն-ից կրճատվել է $3,18 տրլն։

Ակնհայտ է, որ եվրոգոտու ճգնաժամը «ողջ և առողջ» է՝ չնայած ձեռնարկվող բոլոր միջոցառումներին։ «Պատմական է ոչ թե վարկանիշի իջեցումը, այլ եվրաճգնաժամի խորությունը»,– տեղի ունեցածը բնութագրել է ամերիկյան WSJ-ը՝ վկայակոչելով ֆրանսիական BNP Paribas բանկի տնտեսագետ Դոմինիկ Բարբեին։

Ըստ ամերիկյան JP Morgan-ի հաշվարկների՝ երկրների վարկային վարկանիշների իջեցմանը հաջորդող շաբաթվա ընթացքում դրանց պարտատոմսերի եկամտաբերությունը սովորաբար աճում է ընդամենը 2 բազային կետով։ S&P-ի որոշմանը ամերիկյան և եվրոպական շուկաները զուսպ են արձագանքել, դրանք վաղուց էին պատրաստ իրադարձությունների նման զարգացմանը։ Շաբաթվա առաջին առևտրաշրջանը եվրոպական ֆոնդային բորսաները թեև գնանշումների անկումով են մեկնարկել, սակայն փակվել են առավելապես կանաչ գոտում։ Եվրոպական միասնական արժույթը գնանշվել է $1,27-ը զիջող մակարդակներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում