Անհատական համակարգիչների գլոբալ շուկան անկում է ապրում
2011թ. անհատական համակարգիչների համաշխարհային շուկան աճել է ընդամենը 1,6%-ով, հաղորդում է ամերիկյան IDC (International Data Corporation) հետազոտական ընկերությունը։ Նման ցածր ցուցանիշ շուկան վերջին անգամ արձանագրել է տասը տարի առաջ։ Վաճառքների անկումը կպահպանվի նաև 2012թ. 1-ին եռամսյակում, իրավիճակը կշտկվի միայն տարեվերջին, նշում է IDC-ն։
Ըստ IDC-ի՝ 2011թ. անհատական համակարգիչների համաշխարհային շուկա է մատակարարվել 352,4 մլն համակարգիչ: Հետազոտական մեկ այլ ընկերության՝ Gartner-ի վերլուծաբանները նախորդ տարի հաշվել են շուկա մատակարարված 352,8 մլն անհատական համակարգիչ։ Ըստ այս ընկերության նախնական տվյալների՝ 2010թ. համեմատ շուկայում աճը կազմել է 0,5%:
Անհատական համակարգիչների մատակարարումների կրճատման հիմնական պատճառները մի քանիսն են, մասնավորապես՝ Արևմտյան Եվրոպայի տնտեսական ճգնաժամ, Թաիլանդի ջրհեղեղ, շուկայի դինամիկ զարգացող այլ հատվածների, մասնավորապես՝ պլանշետների, թվային րիդերների ու սմարթֆոնների կողմից աճող մրցակցություն։ Ըստ IDC-ի՝ 2011թ. 4-րդ եռամսյակում շուկայում 13,6%-ով կրճատվել են կոշտ սկավառակների մատակարարումները, քանի որ Թաիլանդի ջրհեղեղի պատճառով դադարեցվել էին Seagate-ի, Western Digital-ի և Toshiba-ի գործարանների աշխատանքները։
2011թ. շուկայի առաջատարը ամերիկյան Hewlett-Packard-ն է եղել, որի մասնաբաժինը համաշխարհային շուկայում, ըստ IDC/Gartner-ի, կազմել է համապատասխանաբար 17,7% և 17,2%։ Ամերիկյան հսկային հաջորդել են չինական Lenovo-ն (12,5/13,0%), ամերիկյան Dell-ը (12,6/12,1%), չինական Acer-ը (10,6/11,2%) և Asustek-ը (5,9%)։
IDC-ում անհատական համակարգիչների շուկայի կայունացում կանխատեսում են միայն ընթացիկ տարեվերջին՝ 4-րդ եռամսյակում ակնկալելով շուկայի 15%-անոց աճ (տ/տ), 2012թ. տարեկան աճը կկազմի 5,4%՝ մինչև 371 մլն միավոր, 2013թ. մատակարարումները կաճեն ևս 11%-ով։ Չնայած լավատեսական այս կանխատեսումներին՝ ամերիկյան Canalys անկախ տեխնոլոգիական ընկերության վերլուծաբանների կարծիքով՝ դեսքթոփների և նոութբուքների շուկան իրականում ստագնացիայի փուլում է, անհատական համակարգիչներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են պլանշետներին, թվային ռիդերներին և սմարթֆոններին։ Ուստի բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ արդեն մեկ տարի հետո շուկայի ավանդական առաջատարներն այլ ընկերություններ կլինեն, ամփոփվում է ընկերության զեկույցում։
Civilnet











