Գլխավոր Լրահոս

Վագրային աճն անցյալում է

Վագրային աճն անցյալում է

Չինաստանում վիճակագիրներն ամփոփել են տնտեսական տարին

Չինաստանում պահպանվում է տնտեսական աճի դանդաղման միտումը, վկայում են երկրի Ազգային վիճակագրության բյուրոյի երեկ հրապարակած տվյալները։ Այսպես՝ 2011թ. երկրի ՀՆԱ-ի նոմինալ ծավալը կազմել է $7,4 տրլն, իսկ աճը՝ 9,2%՝ 2010թ. 10,4%-ի համեմատ։ Անցած տարվա 4-րդ եռամսյակում աշխարհի երկրորդ տնտեսության ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,9%-ով, այն դեպքում, երբ երրորդ եռամսյակի ցուցանիշը 9,1% էր, երկրորդում՝ 9,5%, առաջինում՝ 9,7%։ Ըստ Bloolmberg-ի՝ տնտեսական աճի տեմպի դանդաղումը երկրում կզսպի սպառողական գների ու էներգիայի պահանջարկի աճը։

Անդրադառնալով չինական «վագրի վազքին»՝ ամերիկյան The Wall Street Journal-ը (WSJ) գրում է, թե ցանկացած այլ երկիր կնախանձեր այսպիսի ցուցանիշներին, դրանք գերազանցել են փորձագետների անգամ ամենալավատեսական կանխատեսումները։

Վերջին տարիներին Չինաստանի տնտեսության տարեկան միջին աճը կազմել է 10%, ավելին՝ 2012թ. երկիրը, ամենայն հավանականությամբ, կդառնա համաշխարհային տնտեսության աճի միակ շարժիչ ուժը՝ Եվրոպայում ռեցեսիայի և ԱՄՆ-ի տնտեսության թույլ աճի պայմաններում։ «Այս ռեսուրսի վրա, այդուհանդերձ, պետք չէ հույս դնել։ Չինաստանը հարկադրված է լինելու առաջիկայում հրաժեշտ տալ երկնիշ տնտեսական աճին»,– գրում է պարբերականը։ WSJ-ի կանխատեսմամբ՝ 2012թ. Չինաստանի տնտեսության աճը չի գերազանցի 8%-ը, իսկ 2013-2016 թթ. կկազմի միջինը 6,6%։

Չինաստանի ներկայիս խնդիրները պայմանավորված են հիմնականում այն հանգամանքով, որ տնտեսության շուկայական խթանման համար իշխանությունների հնարավորություններն այժմ բավական սեղմ են։ Նշենք, որ 2009թ. Պեկինին հաջողվեց 4 տրլն յուան ($586 մլրդ) գումարային խթանման ծրագրի շնորհիվ կանխել տնտեսության աճի դանդաղումը, ինչը, սակայն, գնաճի տեմպի արագացման և անշարժ գույքի շուկայում փուչիկի առաջացման պատճառ դարձավ։ Հետևապես՝ պատահական չէ, որ վերջերս Չինաստանի Ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանը հայտարարում էր, թե պետք է պատրաստ լինել արտաքին բացասական ազդակներին՝ առանց թուլացնելու երկրի ներսում գնաճի զսպմանն ուղղված ջանքերը։

Արտաքին բացասական ազդակների թվում տնտեսական աճի դանդաղումն է Եվրոպայում, որը պաշտոնական Պեկինի առևտրային ամենախոշոր գործընկերն է։ Հատկանշական է, որ 2011թ. դեկտեմբերին չինական արտահանումը ԵՄ երկրներ աճել է ընդամենը 7%-ով (տ/տ), այն դեպքում, երբ օգոստոսին ցուցանիշը 22% էր։ Չինացի արտադրողներին մտահոգում են արտաքին նոր պատվերների կրճատվող ծավալները, ինչը հազիվ թե հնարավոր լինի փոխհատուցել ներքին սպառման հաշվին, հատկապես երբ 2011թ. ավարտվել են ներքին սպառման խթանման պետական ծրագրերը։

Ավստրալական Macquarie ներդրումային հիմնադրամի փորձագետների կանխատեսմամբ՝ վատագույնը դեռ առջևում է՝ հաշվի առնելով Shanghai Composite ինդեքսի ներկայիս դինամիկան և 2011թ. նրա արձանագրած 21% անկումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում