Costa Concordia-ն ամենաթանկ ծովային աղետն է
Իտալական Costa Concordia շոգենավի խորտակման ապահովագրավճարները կգերազանցեն $1մլրդ-ը, ինչը կարող է ծովային աղետների պատմության մեջ խոշորագույն փոխհատուցումը դառնալ, հաղորդում է Bloomberg-ը։ Մինչ այժմ ծովային ամենաթանկ աղետը 1989թ. Exxon Valdez տանկերի խորտակումն էր Ալյասկայի ափերի մոտ, որը ապահովագրական ընկերություններին ավելի քան $500 մլն էր արժեցել, նշում է ռուսական BFM կայքը։
Costa Concordia-ի միայն ֆիզիկական վնասների փոխհատուցումը մոտ €405 մլն ($513 մլն) կկազմի։ Հենց այսքան է գնահատվել զբոսանավը շահագործման հանձնման պահին՝ 2004թ., գրում է Bloomberg-ը։
Նշենք, որ նավն ապահովագրված է Assicurazioni Generali, RSA Insurance Group և XL Group ընկերություններում։ «Համանման դեպքերում ապահովագրական իրական փոխհատուցումները կապված են մարդկային զոհերի կամ առողջությանը հասցված վնասների հետ»,– Bloomberg-ին մանրամասնել է Shore Capital Group ltd. ընկերության փորձագետ Իմոն Ֆլենեգանը։ Hannover Re վերապահովագրական ընկերությունն աղետի հետևանքով իր վնասներն ավելի քան $10 մլն է գնահատել։
Costa Concordia-ի սեփականատեր Carnival ընկերությունը ապահովագրական պատասխանատվության վերաբերյալ $3 մլրդ-ի պայմանագիր ունի իրեն պատկանող Standard Club, ինչպես նաև Steamship Mutual Underwriting Association փոխադարձ ապահովագրական ասոցիացիաների հետ։ Ընդ որում՝ Standard Club-ը դեռ չի հրապարակել աղետի ֆինանսական վնասների իր գնահատականը։
Carnival-ում նշել են, որ նավի ապահովագրության սեփական պահումները կազմում են մոտ $30 մլն, երրորդ կողմին հասցված առողջական վնասների ապահովագրական ռիսկերը՝ $10 մլն։ Նավի վերջնական խորտակման դեպքում Carnival-ը, իր իսկ գնահատմամբ, ընթացիկ տարում կկորցնի $95 մլն։
Հիշեցնենք, որ Costa Concordia-ն հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը բախվել էր խութի և սկսել խորտակվել Միջերկրական ծովի Ջիլիո կղզու ափերի մոտ։ Նավի վրա մոտ 4200 մարդ է եղել։ Վերջին տվյալների համաձայն՝ անհետ կորածները 29-ն են, զոհերը՝ 6-ը։
Իտալական նավի խորտակման լուրերի ֆոնին՝ Carnival-ի բաժնետոմսերը (նրան են պատկանում նաև P&O և Cunard զբոսանավային բրենդները) Լոնդոնի ֆոնդային բորսայում արժեզրկվել են ավելի քան 20%-ով։
Civilnet











