Անգլալեզու Wikipedia-ն այսօր անհասանելի կմնա
«Wikipedia-ն չորեքշաբթի բողոքում է վատ օրենքի դեմ»,– նախօրեին Twitter-ի իր էջում գրել էր Wikipedia Foundation-ի նախագահ Ջիմի Ուեյլսը։ Այսօր՝ հունվարի 18-ին, Երևանի ժամանակով ժ. 9։00-ից սկսած, Wikipedia առցանց խոշորագույն հանրագիտարանի անգլալեզու բաժինը 24 ժամ չի գործի։ Գործադուլի պատճառը ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկվող նոր՝ «Ցանցահենության դադարեցման մասին» օրինագիծն է (Stop Online Piracy Act, SOPA), որին դեմ է կայքի ղեկավարությունը։
ԱՄՆ-ում ցանցահենության դեմ գործող՝ «Մտավոր սեփականության պաշտպանության մասին» օրենքին (Protect Intellectual Property Act, PIPA) փոխարինող SOPA-ի որոշ դրույթներ Միացյալ Նահանգների իշխանություններին հնարավորություն կտան փակելու բոլոր այն կայքերը, որոնք չարտոնագրված էլբովանդակություն կպարունակեն, անգամ այն դեպքում, երբ կայքի ղեկավարությունն ընդհանրապես առնչություն չի ունենա դրա հետ։ Նշենք, որ ըստ գործող օրենսդրության՝ մտավոր սեփականության իրավունքների հեղինակները կարող են կայքի ղեկավարությունից միայն ապօրինի տեղադրված նյութերի հեռացում պահանջել։
Տեխնոլոգիական ընկերությունների շրջանում SOPA-ի շուրջ արձագանքները միանշանակ չեն։ Այն դեպքում, երբ օրինագծին իրենց աջակցությունն են հայտնել Microsoft-ը, Apple-ը, Adobe-ը, Dell-ը, Intel-ը, Motion Picture Association of America կինոստուդիան և Recording Industry Association of America ձայնագրման ընկերությունը, դեմ են արտահայտվել Facebook-ը, Twitter-ը, LinkedIn-ը, Google-ը, eBay-ը, Mozilla-ն, Yahoo-ն, AOL-ը և մի շարք այլ ընկերություններ։
Եվ սա պատահական չէ։ Փորձագետների կարծիքով՝ SOPA-ին աջակցում են ցանցահենությունից զգալի վնասներ կրող ընկերությունները, դեմ են զուտ ինտերնետում գործող ընկերությունները, որոնց համար այս օրենքը մի շարք խոչընդոտներ կստեղծի։
Թեև ըստ SOPA-ի հեղինակների՝ այն միտված է ցանցահենության դեմ պայքարին, ինտերնետից օգտվողների և խոշոր ընկերությունների մեծ մասի կարծիքով՝ օրինագիծը սահմանափակում է համացանցի «ամերիկյան» հատվածի ազատությունը՝ իշխանություններին հնարավորություն տալով հեշտությամբ ազատվել ոչ ցանկալի կայքերից։
Civilnet











