Գլխավոր Լրահոս

Ավիալիզինգային կրքերը թեժանում են

Ավիալիզինգային կրքերը թեժանում են

Ճապոնացիներն աչք են դրել եվրոպական էժանացող ակտիվների վրա

Բրիտանական Royal Bank of Scotland-ը (RBS) $7,3 մլրդ-ով ճապոնական Sumitomo Mitsui Financial Group-ին է վաճառել իր ավիալիզինգային բիզնեսը՝ RBS Aviation Capital-ը։ Սա ոչ միայն ավիալիզինգային բիզնեսի պատմության մեջ խոշորագույն գործարքն է, այլև RBS-ի ազգայնացումից հետո նրա ոչ պրոֆիլային ակտիվների ամենամեծ վաճառքը, հաղորդում է BBC-ն։ Հատկանշական է, որ այս գործարքը ճապոնացիների «եվրոպական» առաջին խոշոր ձեռքբերումը չէ և, ամենայն հավանականությամբ, չի լինի նաև վերջինը, կանխատեսում են փորձագետները։

RBS Aviation Capital-ը հիմնադրվել է 2001թ.։ Ներկայում այն 206 ինքնաթիռ ունի, որոնք վարձակալական հիմունքներով տրամադրում է British Airways, EasyJet, Qantas և Ryanair ավիաընկերություններին։ Ավելին՝ RBS-ը մինչև 2015թ. ավիապարկը ևս 87 ինքնաթիռով համալրելու պարտավորություններ ունի։

RBS-ի ավիալիզինգային բիզնեսը շահութաբեր է (վերջին 6 ամսում՝ $89 մլն), սակայն բավական բարձր են իրացվելիության նկատմամբ դրվող պահանջները։ Սա է պատճառը, որ RBS-ի ազգայնացումից հետո այս բիզնեսը ներառվել է բանկի ոչ պրոֆիլային այն ակտիվների թվում, որոնք ենթակա են վաճառքի։ Այս ուղղությամբ բանկն առաջին քայլերը ձեռնարկել էր դեռևս 2009թ., սակայն ճգնաժամային տարիներին ակտիվների արժեզրկումը տապալել էր վաճառքի առաջին փորձը։

RBS-Sumitomo Mitsui Financial Group գործարքը խոշորագույնն է ավիալիզինգային բիզնեսի պատմության մեջ։ RBS-ի համար ևս այս գործարքը բավական կարևոր է։ Նրա ոչ պրոֆիլային ակտիվների ծավալը վերջին երեք տարում 258 մլն ֆունտ ստեռլինգից կրճատվել է մինչև 100 մլն ֆունտ ստեռլինգ ($153,9 մլն)։ «Նման ծավալի գործարքի կնքումը զգալի հաջողություն է մեր ոչ պրոֆիլային ակտիվների ստորաբաժանման համար, հատկապես նման տատանողական շուկայի պայմաններում»,– Reuters-ին ասել է RBS-ի ֆինանսական տնօրեն Բրյուս վան Սաունը։

Փորձագետները ևս սա հաջող գործարք են համարում։ «Սրանք ոչ այնքան իրացվելի երկարաժամկետ ակտիվներ էին, ինչը ենթադրում էր, որ RBS-ը դրանցում պիտի խոշոր չափերի կապիտալ պահուստավորեր»,– Bloomberg-ին մանրամասնել է Shore Capital-ի փորձագետ Գարի Գրինվուդը։

Նշենք, որ RBS Aviation Capital-ի հավանական գնորդների ցանկում էին նաև ամերիկյան Wells Fargo-ն և չինական պետական China Development Bank-ը։ Ձեռքբերումից հետո Sumitomo Mitsui Financial-ը բրիտանական լիզինգային բիզնեսը կմիավորի ավիացիոն սեփական ակտիվների հետ, ընկերության լիզինգային ավիապարկում հաշվվում է 90 ինքնաթիռ։

Ավիալիզինգային բիզնեսի հեռանկարները բավական ոգևորիչ են։ Եթե 1990թ. լիզինգային ընկերություններին էր պատկանում համաշխարհային ավիապարկի 12%-ը, ապա 2010թ. այս ցուցանիշը 36% էր, մասնաբաժինը 2015թ., ըստ կանխատեսումների, կաճի մինչև 50%։

Ի դեպ՝ այս գործարքը շուկայում նոր միտում է ի հայտ բերում. ճապոնական ֆինանսական ընկերությունները սկսել են «ագահորեն» կլանել ակտիվները, որոնք սեփական կապիտալն ավելացնելու համար վաճառքի են հանում եվրոպական բանկերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում