Ջերի Յանգը հեռացավ Yahoo!-ից
Yahoo!-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Ջերի Յանգը սեփական դիմումի համաձայն հեռացել է ընկերությունից։ «Եկել է ժամանակը, որ ես իմ հետաքրքրությունները Yahoo!-ի սահմաններից դուրս բավարարեմ»,– ասված է Յանգի՝ տնօրենների խորհրդին ուղղած նամակում։ Ընդ որում՝ Յանգը հեռացել է ինչպես Yahoo!-ի, այնպես էլ չինական Alibaba-ի և ճապոնական Yahoo!-Japan որոնողական պորտալի տնօրենների խորհրդի կազմից։
43-ամյա պաշտոնաթող Յանգը հաջողություն է մաղթել ընկերության գլխավոր տնօրեն Սկոտ Թոմփսոնին՝ վստահություն հայտնելով, որ Yahoo!-ին հրաշալի ապագա է սպասվում։
Յանգը Yahoo!-ն հիմնադրել է Դեյվիդ Ֆիլոյի հետ համատեղ Սթենֆորդի համալսարանի ասպիրանտուրայում սովորելու տարիներին (1994-1995 թթ.), իսկ 2007-2009 թթ. զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ավելի ուշ նրան այս պաշտոնում փոխարինեց Քերոլ Բարցը՝ մինչև 2011թ. սեպտեմբերին հեռախոսային պաշտոնանկությունը։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Բարցի հեռացման պատճառը Yahoo!-ի ֆինանսական վատ ցուցանիշներն էին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Yahoo!-ն, Թոմփսոնի ղեկավարությամբ, մտադիր է որոշ փոփոխություններ կատարել տնօրենների խորհրդի կազմում։ Վերջին շրջանում խորհրդի աշխատանքը պարբերաբար արժանանում էր բաժնետերերի քննադատությանը։ Նույն 2011թ. սեպտեմբերին Third Point LLC հեջ ֆոնդը (նրան է պատկանում Yahoo!-ի 5,2%-ը) տնօրենների խորհրդի որոշ անդամների կոչ էր արել պաշտոնաթող լինել։ Third Point LLC-ում նրանց մեղադրել էին «կառավարչական լրջագույն սխալների» և «ընկերության արժեզրկման» մեջ։
Նշենք, որ Յանգի պաշտոնաթողության մասին լուրին հաջորդել է Yahoo!-ի բաժնետոմսերի 3,4-տոկոսանոց արժևորում։ Ներդրողների կարծիքով՝ հենց Յանգն է ընկերության վաճառքի կամ վերակառուցման հիմնական խոչընդոտը։ Խոսքը, մասնավորապես, 2009թ. Microsoft-ի հետ $47 մլրդ-անոց գործարքի ձախողման մասին է, հիշեցնում է BBC-ն։ Ուստի շուկաները Yahoo!-ի համահիմնադրի այս քայլը դրական են գնահատել։
2011թ. 3-րդ եռամսյակում Yahoo!-ի զուտ շահույթը կազմել է $298 մլն, ինչը 25%-ով զիջում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշին։ Ներկայում ընկերության ծառայություններից օգտվողների թիվն ավելի քան 500 մլն է։
Civilnet











