Ընկերությունը սնանկ է հայտարարվել՝ առայժմ ժամանակավորապես
Լուսանկարչական ապարատների, ֆոտո և կինոժապավենների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Eastman Kodak-ը հայտարարել է սնանկացման մասին։ Խոսքը ժամանակավոր սնանկացման մասին է, ընկերության ղեկավարությունը դեռ հույս ունի փրկել բիզնեսն ու այս նպատակով ամերիկյան Citigroup-ից 18 ամիս ժամկետով $950 մլն վարկ է վերցրել, հաղորդում է Reuters-ը։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և թոփ մենեջեր Անտոնիո Պերեսը հայտարարել է, որ մենեջմենթը սա անհրաժեշտ և ճիշտ քայլ է համարում Kodak-ի ապագայի համար։ Ներկայում ընկերությունը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ 2011թ. այն կորցրել է իր շուկայական արժեքի 88%-ը։ Այս պահին ընկերությունը $162 մլն է գնահատվում, պարտքերը կազմում են $6,8 մլրդ՝ ակտիվների $5,1 մլրդ ընդհանուր ծավալի պայմաններում։
1892թ. հիմնադրված Kodak-ը, նախկինում լինելով ոլորտի առաջատարը, այդպես էլ չկարողացավ յուրացնել թվային տեսախցիկների արտադրությունն ու դիմանալ մրցակցությանը, գրում է Reuters-ը։ Հարաբերական այս պարտությունը հատկանշական է այնքանով, որքանով հենց Kodak-ին է պատկանում թվային լուսանկարչական ապարատի հայտնագործությունը։ Ի դեպ՝ հենց Kodak-ի տեխնոլոգիաների շնորհիվ են հնարավոր դարձել Լուսնից կատարված առաջին լուսանկարները։
Fact Set-ի տվյալների համաձայն՝ Kodak-ի սնանկացման մասին լուրերի ֆոնին ընկերության բաժնետոմսերն արժևորվել են 4,4%-ով։
Civilnet











