Carlson Hotels-ը և Rezidor-ը միավորվել են
Աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ընկերություններից երկուսը՝ ամերիկյան Carlson Hotels-ը և բելգիական Rezidor-ը, որոշել են միավորվել։ Այս մասին հայտնի է դարձել ընկերությունների՝ երեկ տարածած համատեղ հաղորդագրությունից։ Միավորված ընկերությունն աշխատելու է The Carlson Rezidor Hotel Group բրենդով, հաղորդում է Reuters-ը։
Միավորումը հյուրանոցային այս ցանցերի վերջին տարիների համագործակցության տրամաբանական շարունակությունն է, Carlson-ը տնօրինում է Rezidor-ի բաժնետոմսերի մեծ մասը։ Ընդ որում՝ չի փոխվելու ընկերությունների իրավական կարգավիճակն ու բիզնեսի վարումը։ The Carlson Rezidor Hotel Group-ը զբաղվելու է ընկերության բրենդի գլոբալ պլանավորմամբ և կառավարմամբ, բիզնեսի վարման գործիքների զարգացմամբ, ծառայությունների տրամադրման հավասար մակարդակի ու անձնակազմի մասնագիտական աճի ապահովմամբ։
Միավորված ընկերությունը շահույթի օպտիմալացման և ավելացման նպատակով ծրագրում է ընդլայնել վաճառքների ստորաբաժանումը, սերտացնել տուրիստական գործակալությունների հետ կապերը, զարգացնել Club Carlson լոյալության ծրագիրը։
The Carlson Rezidor Hotel Group-ը ներկայացված կլինի աշխարհի ավելի քան 80 երկրում։ Ընկերության պորտֆելում են Radisson, Radisson Blu, Country Inns & Suites By CarlsonSM, Hotel Missoni, Park Plaza և հայտնի այլ բրենդների ավելի քան 1300 հյուրանոց։ Միավորված ընկերության աշխատակիցների թիվը 80 հազ. է։
Նշենք, որ զբոսաշրջային ինդուստրիայի վերջին տարիների ամենախոշոր գործարքը ամերիկյան Hilton կորպորացիայի վերամիավորումն է։ 2006թ. Hilton Hotels Corporation (HHC) ընկերությունը 3,3 մլրդ ֆունտ ստեռլինգով ձեռք բերեց Hilton International հյուրանոցային ցանցը։ 1919թ. ստեղծված Hilton ընկերության ակտիվները բաժանվել էին 1964թ.՝ HHC-ը տնօրինում էր հյուրանոցների ցանցը ԱՄՆ-ի տարածքում, իսկ Hilton International բրենդն ու մնացած ակտիվներն անցել էին բրիտանական Hilton Group ընկերությանը։
Civilnet











