Գլոբալ տնտեսությունը դեռ շանսեր ունի
Համաշխարհային տնտեսությունը, մեծ հաշվով, ստագնացիայի փուլում է՝ պարտքային ճգնաժամ Եվրոպայում, գործազրկության բարձր մակարդակ ԱՄՆ-ում, տնտեսության աճի դանդաղում ասիական երկրներում, մասնավորապես Չինաստանում և Հնդկաստանում։ Գլոբալ տնտեսության մարտահրավերների դիմակայման և առկա խնդիրների հաղթահարման իրենց դեղատոմսն են առաջարկում 13 փորձագետներ, որոնք մասնակցել են ամերիկյան Foreign Policy հեղինակավոր հանդեսի հարցմանը, և ուրեմն.
1. Դուրս գրել համաշխարհային բոլոր պարտքերը, առաջարկում է Bloomberg-ի խմբագիր, ներդրող, գործարար Պոլ Կեդրովսկին։ Վերջինիս կարծիքով՝ սուվերեն պարտքերը խոչընդոտում են եվրոպական տնտեսության աճը, իսկ ամերիկացիների վարկային պարտքերը՝ սպառումը։ Խնդրի լուծումը տարիներ կպահանջի, որի ընթացքում խոշորագույն սպառող կդառնա Չինաստանը, իսկ զարգացած երկրները կկորցնեն մրցունակությունը։ Ինչո՞ւ տնտեսությանը հնարավորություն չտալ զրոյից սկսել, հարցնում է Կեդրովսկին։
2. Բոլորին պետք է աշխատանքի ընդունել, վստահ է BBC Trust-ի ղեկավար, տնտեսագետ Դայանա Կոյլը։ Բյուջեի ծախսերի հաշվին խնայելու փորձերը հանգեցնում են գործազրկության աճի, սպառման նվազման և ճգնաժամի նոր ալիքի։ Բանկերին աջակցելու վրա տարեկան ծախսվում է մոտ $1 տրլն, մինչդեռ բոլոր գործազուրկներին աշխատանքի տեղավորելն ավելի էժան գործընթաց է, կարծում է Կոյլը։
3. Նոր տվյալներ հավաքել համաշխարհային տնտեսության վերաբերյալ, առաջարկում է Սթենֆորդի համալսարանի դասախոս Պոլ Սաֆոն։ Մինչ այժմ տնտեսագետները կարծում էին, թե աշխարհը բավական պարզ է կառուցված, անհրաժեշտ է միայն կարողանալ հավասարակշռել բոլոր հնարավոր իրավիճակները։
Սակայն վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ իրականում ամեն ինչ այդպես չէ. գլոբալ տնտեսությունը շատ ավելի մեծ ու բազմազան է դարձել։ Հասկանալու համար, թե իրականում ինչպես է ամեն ինչ գործում, առկա տվյալները բավարար չեն։ Սաֆոն առաջարկում է հնարավորինս ամբողջացնել տվյալներն ամբողջ աշխարհում և դրանք հասանելի դարձնել բոլորին։
4. Անհրաժեշտ է կրճատել ռազմական ծախսերը, կարծում է ֆինանսական հարցերով փորձագետ Բառնի Ֆրանկը։ Ֆրանկն առաջարկում է նոր հրթիռների և անօդաչու սարքերի գնման փոխարեն գումարները ծախսել ոստիկանների, հրշեջների և ուսուցիչների աշխատավարձերի վրա։ Ֆրանկի կարծիքով՝ «ահաբեկչության դեմ պայքարը» պետք է ավելի էժան լինի, քան, օրինակ, ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի տարեկան ծախսերն են՝ $650 մլրդ։
5. Խթանել գնաճը, խորհուրդ են տալիս ամերիկացի պրոֆեսորներ Մենցի Չինը և Ջեֆրի Ֆրիդենը։ Գնաճի բարձր մակարդակը կօգնի «այրել» զարգացած երկրների պարտքերը, ինչպես նաև հարթել քաղաքական տարաձայնությունները՝ ով պիտի ի վերջո վճարի զարգացած պետությունների պարտքերը։ Գնաճը պետք է լինի 4-6%-ի մակարդակում, ինչը կօգնի տնտեսությանը, միաժամանակ խիստ չի հարվածի բնակչությանը։
6. Ենթակառուցվածքների վրա ծախսել տրիլիոն դոլար, առաջարկում է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ջասթին Յուֆու Լինը։ Սա կօգնի լուծել գործազրկության խնդիրը, խթանել տնտեսական աճը և նվազեցնել զարգացած և զարգացող երկրների տնտեսություններում առկա դիսբալանսները։ Լինը վստահ է, որ սա ներդրում է ապագայի մեջ։
7. Բարձրացնել նվազագույն աշխատավարձերը, կարծում է տնտեսագետ Ջեյմս Գելբրայթը։ Ներկայում ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձը $7,2/ժամ է, որը Գելբրայթն առաջարկում է բարձրացնել մինչև $12/ժամ։ Գործնականում նման որոշումը կհանգուցալուծի քաղաքական թնջուկը. ԱՄՆ-ի ո՛չ բնակչությունը, ո՛չ կառավարությունը, ո՛չ Կոնգրեսը, ո՛չ էլ բանկերը պատրաստ չեն գումարներ ծախսել, մինչդեռ խոշոր կորպորացիաներն ունեն անհրաժեշտ այս գումարները։
8. Լուծել խնդիրները՝ մտածելով «փոքրերի» մասին, առաջարկում է գիտնական և ձեռնարկատեր Վիվեկ Վադվհան։ Կառավարությունները, ըստ նրա, պետք է ֆինանսավորեն ոչ թե խոշոր հետազոտական կենտրոնների ինովացիաները, այլ փոքր բիզնեսը։
9. Զսպել արժութային «խելագար» համակարգը, կոչ է անում գրող, տնտեսագետ Դեյվիդ Սմիկը։ Պարտքերի դուրսգրմանը խոչընդոտում են արժութային համակարգերի դիսբալանսները և առևտրային պատերազմների վտանգը։ Ազգային արժույթի փոխարժեքը կարգավորում է ոչ միայն Չինաստանը, այլև Ճապոնիան։ Պետք է արժութային շուկայի կարգավորման թափանցիկ կանոններ մշակել։
10. Ավելի շատ զբոսանավեր գնել, խորհուրդ է տալիս տնտեսագիտության պրոֆեսոր Ռոբեր Ֆրենկը։ Նա առաջարկում է պետական բյուջեները համալրել ի հաշվի շքեղության նոր հարկերի։
11. Զբաղվել սեփական առողջությամբ, առաջարկում է նախկին լրագրող, գործարար Էսթեր Դայսոնը։ Ըստ նրա՝ պետք է կենտրոնանալ մարդկային կապիտալում կատարվող ներդրումների ուղղությամբ։ Բնակչության առողջական վատ վիճակը ոչ միայն միլիարդավոր դոլարների վնաս է հասցնում պետությանը, այլև նվազեցնում տնտեսության արդյունավետությունը։
12. «Կանաչ» քաղաքներ կառուցել, խորհուրդ է տալիս գրող Ալեքս Ստեֆենը։ Առաջիկա 40 տարում աշխարհին շինարարական բում է սպասվում։ Շինտարածքների խնայողությունը, էկոլոգիայի մասին հոգ տանելը և նոր տեխնոլոգիաների օգտագործումը կխթանեն տնտեսական զարգացումը, վստահ է Ստեֆենը։
13. Արձակուրդ վերցնել, առաջարկում է ամերիկացի գրող և փիլիսոփա Դանիել Դենետը։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի համակարգ, որը բոլորին զգալի ազատ ժամանակ կտրամադրի, ինչը, իր հերթին, կնպաստի նոր և հետաքրքիր գաղափարների առաջացմանը։
Civilnet











