Վարդանյանն ու Գրեֆն ավարտեցին միավորման գործարքը
Երեկ ավարտվել է ռուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության և Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկի՝ «Սբերբանկ»-ի միավորման գործարքը, որի արդյունքում վերջինիս կազմում ձևավորվել է երկու նոր բիզնես բլոկ՝ կորպորատիվ ներդրումային բանկ (CIB) և կարողությունների կառավարման ստորաբաժանում (wealth management), հաղորդում է RBC Daily-ն։ «Տրոյկա»-ի բաժնետոմսերի 100-տոկոսանոց փաթեթի դիմաց «Սբերբանկ»-ն առաջին տրանշով վճարել է $1 մլրդ, երկրորդ տրանշի ծավալը կորոշվի առաջիկա երեք տարում:
Ինտեգրման շրջանակում կողմերը կհրաժարվեն «Տրոյկա դիալոգ» 20-ամյա բրենդից, «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է «Տրոյկա»-ի ղեկավար Ռուբեն Վարդանյանը։ «Սբերբանկ»-ի նախագահ Գերման Գրեֆը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում, իր հերթին, նշել է, որ CIB-ի վերջնական անվանումը դեռ քննարկման փուլում է։ Նախատեսվում է, որ Վարդանյանը կդառնա «Սբերբանկ»-ի թոփ մենեջերներից։
«Իմաստ չունի այլևս պահել «Տրոյկա դիալոգ» բրենդը, եթե մենք ցանկանում ենք զարգացնել «Սբերբանկ» խմբի ծառայությունները, ավելի ճիշտ կլինի այն «Սբերբանկ» անվանվել»,– ասել է Վարդանյանը։ Ինտեգրման արդյունքում «Սբերբանկ»-ում կձևավորվի նոր բիզնես ուղղություն՝ CIB, որը կդառնա «Կորպորատիվ բիզնես» բլոկի մի մասը, «Վեդոմոստի»-ին ասել է Վարդանյանը։ «Կորպորատիվ բիզնես» բլոկը կղեկավարի բանկի վարչության փոխնախագահ Անդրեյ Դոնսկիխը, CIB-ի համանախագահներ կդառնան «Սբերբանկ»-ի վարչության անդամ Ալեքսանդր Բազարովը և Ռուբեն Վարդանյանը։
Ինչ վերաբերում է wealth management-ին, ապա դրանում, ըստ Վարդանյանի, կներառվեն «Սբերբանկ»-ի և «Տրոյկա»-ի՝ ներդրումային գործիքների վաճառքով զբաղվող բիզնեսները։ Բիզնեսի բոլոր ուղղությունների համակարգողը կրկին Վարդանյանը կլինի, ասված է «Սբերբանկ»-ի և «Տրոյկա»-ի համատեղ հաղորդագրությունում։
Վարդանյանն այս գործընթացում իր համար երկու կարևոր ուղղություն է առանձնացրել, որոնց շուրջ բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել նաև Գերման Գրեֆի հետ։ Դրանցից առաջինը նախատեսում է ոչ միայն «Տրոյկա»-ի հնարավորինս հաջող ինտեգրում «Սբերբանկ»-ին, այլև շուկայում նոր խոշոր խաղացողի ու հաջողության պատմության (success story) ստեղծում։ Երկրորդ ուղղությունը նախատեսում է խմբի համար զգալի եկամուտների ապահովում։
«Կա նաև երրորդ՝ իմ անձնական նպատակը. փորձել հաճույք ստանալ աշխատանքից։ Ներկայում «Սբերբանկ»-ի ներսում ևս տեղի են ունենում վերափոխումներ։ Որպես մենեջեր՝ ինձ այս ամենը հետաքրքիր է։ Ես կաշխատեմ մինչ այն պահը, երբ ավարտին կհասցնեմ ինտեգրացիոն խնդիրները և կլինեմ պահանջարկված»,– ասել է Վարդանյանը։
Հատկանշական է, որ գործարքի և բրենդի փոփոխության շուրջ արձագանքները տարբեր էին։ ««Տրոյկա»-ն հզոր, ճանաչված բրենդ է, սակայն տարբեր բրենդներով հանդես գալը բարդ կլինի, ուստի որոշումը, ընդհանուր առմամբ, ճիշտ է»,– «Վեդոմոստի»-ին ասել է ռուսական «Ատոն» ներդրումային խմբի ղեկավար Անդրեյ Շեմետովը։ Կա նաև հակադիր տեսակետը՝ ներդրումային բիզնեսն առավել ճիշտ կլիներ զարգացնել «Տրոյկա» բրենդի ներքո՝ այն ավելի ճանաչված է միջազգային ասպարեզում։
2011թ. «Սբերբանկ»-ի և «Տրոյկա»-ի ֆինանսական գործարքներն ապահովել են ավելի քան $706 մլն-ի (22 մլրդ ռուբլի) ընդհանուր եկամուտ, որում ներդրումային բանկային ծառայությունների մասնաբաժինը $110 մլն (3,4 մլրդ ռուբլի) է կազմել, ասված է ընկերությունների համատեղ հաղորդագրությունում։ Ի դեպ՝ 2012թ. Վարդանյանն ակնկալում է ավելի քան $1 մլրդ-ի եկամուտ՝ չնայած շուկայական ոչ այնքան բարենպաստ պայմաններին։
Հիշեցնենք, որ «Սբերբանկ»-ի և «Տրոյկա»-ի բաժնետերերը վերջինիս բաժնետոմսերի 100-տոկոսանոց փաթեթի ձեռքբերման մասին իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիրը ստորագրել էին 2011թ. մայիսի 25-ին։
Civilnet











