Ֆրանս-թուրքական տնտեսական հարաբերությունների անատոմիան
Հունվարի 23-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը, որը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը: Թուրքիան դեռ մինչև քվեարկությունը Ֆրանսիային զանազան տնտեսական պատժամիջոցներով էր սպառնում: Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նույնիսկ սպառնաց, որ «քայլ առ քայլ» պատժելու է Ֆրանսիային:
Էմոցիոնալ հայտարարությունների ֆոնին հետաքրքրական է հասկանալ թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների պատկերը և երկու երկրների ընդհանուր տնտեսական ցուցանիշները: Այսպես՝ Թուրքիայի բնակչությունը 72 մլն է, ՀՆԱ-ն՝ $763 մլրդ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ $10,5 հազ.: Ֆրանսիայի բնակչությունը 65 մլն է, ՀՆԱ-ն՝ $2,6 տրլն, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ $44 հազ.:
Ֆրանսիան Թուրքիայի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է (ԱՄՆ-ից հետո), իսկ Թուրքիան՝ Ֆրանսիայի չորրորդ խոշոր գործընկերը: 2011թ. տասը ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան $14 մլրդ՝ 58%/42% հարաբերակցությամբ՝ հօգուտ Ֆրանսիայի: Թուրքիայի ընդհանուր ներմուծման 4,5%-ը և արտահանման 5,5%-ը բաժին է ընկնում Ֆրանսիային:
Թուրքիան Ֆրանսիա է արտահանում հիմնականում ռետինատեխնիկական իրեր, ապակի, շինանյութ և տեքստիլ, ներմուծում է ռազմական տեխնիկա, ավտոմեքենաներ և կենցաղային տեխնիկա, յուղեր, օծանելիք, դեղագործական և քիմիական ապրանքներ:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղըլայանը օրերս հայտարարեց, որ Թուրքիայում ֆրանսիական կապիտալով շուրջ 1000 ընկերություն կա՝ տարեկան 50 մլրդ եվրո շրջանառությամբ: Այս ընկերություններում աշխատում է 80 հազ. մարդ, մեծ մասը՝ Թուրքիայի քաղաքացիներ: (Այսինքն՝ Թուրքիայի՝ Ֆրանսիային պատժելու սպառնալիքը երկսայրի սուր է, որը ոչ պակաս վնաս կհասցնի հենց Թուրքիային):
Ֆրանսիական խոշոր կապիտալը նույնպես ներկա է Թուրքիայում: Electricite de France ընկերությունը, օրինակ, Թուրքիայի սևծովյան ափին ծրագրում է կառուցել այդ երկրի առաջին ատոմակայանը: Ֆրանսիական Renault-ին բաժին է ընկնում Թուրքիայի ավտոշուկայի 1/5-ը, որի թուրքական գործարաններում աշխատում է 6,8 հազ. մարդ: Ֆրանսիական BNP Paribas SA բանկի ակտիվները Թուրքիայում անցնում են $20 մլրդ-ից: 2002-2010 թթ. ֆրանսիական ուղղակի ներդրումները Թուրքիայի տնտեսությունում կազմել են շուրջ $5 մլրդ:
Նշենք, որ Թուրքիայի շուրջ 500 հազ. քաղաքացի բնակվում է Ֆրանսիայում, որոնք տարեկան դրամական փոխանցումներ են կատարում Թուրքիա: Ֆրանսիայից Թուրքիա տարեկան ժամանում է շուրջ 950 հազ. զբոսաշրջիկ:
Ֆրանսիան Թուրքիային ռազմամթերք և ռազմական տեխնիկա մատակարարող չորրորդ երկիրն է: 2002-2009 թթ. Ֆրանսիան Թուրքիային մատակարարել է $770 մլն-ի սպառազինություն (ամենաշատը մատակարարել է ԱՄՆ-ը՝ $2,4 մլրդ):
2010-2013 թթ. Թուրքիան այլ երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, նախատեսում է գնել $14 մլրդ-ի սպառազինություն: Ըստ Hurriyet Daily News-ի՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած օրինագծի արդյունքում Ֆրանսիան կարող է կորցնել $4 մլրդ: Սակայն պետք է նշել, որ Թուրքիայի կողմից Ֆրանսիայի հասցեին հնչող սպառնալիքներն ավելի շատ էմոցիոնալ հարթությունում են, և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի կարիքն ավելի շատ զգում է Թուրքիան, որը սպառազինություններով ու հանդերձանքով պետք է ապահովի իր՝ ՆԱՏՕ-ի երկրորդ ամենախոշոր բանակը, որը տասնամյակներ շարունակ ռազմական գործողություններ է վարում երկրի հարավ-արևելքում և դրա սահմաններից դուրս:
Ֆրանսիան Եվրոպայի ամենախոշոր (աշխարհի երկրորդ) գյուղատնտեսական երկիրն է, որը նաև այդ պատճառով է դեմ հզոր գյուղատնտեսություն ունեցող Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը:
Civilnet











