Դավոս-2012-ի օրակարգը խոստումնալից է
Այսօր շվեյցարական Դավոսում մեկնարկում է ամենամյա՝ թվով 42-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ)։ Այս անգամ այն անցկացվում է «Խոշոր վերափոխում. նոր մոդելների ձևավորում» կարգախոսով: Դավոս-2012-ի օրակարգն ավելի ընդգրկուն է և գլոբալ ճգնաժամի հաղթահարման ուղիների քննարկումից զատ՝ ներառում է ոչ ավանդական թեմաներ ևս։ Մասնավորապես՝ քննարկումներ են ակնկալվում կապիտալիզմի և հասարակության վրա դրա ազդեցության շուրջ, հաղորդում է ՀՏՖ-ի պաշտոնական կայքը։
Ֆորումի մասնակիցների ցանկն այս տարի բավական բազմազան է՝ «Արաբական գարնան» առաջնորդներ, Թունիսի վարչապետ Համադի ալ Ջաբալի, Լիբիայի ժամանակավոր վարչապետ Աբդ ալ Ռահիմ ալ Քայբ, ինչպես նաև Եգիպտոսի նախագահի մի շարք թեկնածուներ։ Ֆորումն այս անգամ իրենց մասնակցությամբ չեն պատվի ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը, Շվեյցարիայի ԿԲ-ի նախագահ Ֆիլիպ Հիլդեբրանդը, Հունաստանի նախկին վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն և այլք։ ԱՊՀ երկրներից ֆորումին կմասնակցեն Ռուսաստանը և Ուկրաինան։
«Ամեն դեպքում՝ զարմանալի է, թե որքան անուններ են շարունակում անփոփոխ մնալ Դավոսի մասնակիցների ցանկում՝ ի հեճուկս 2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո ծայր առած «հեղաշրջմանը»»,– գրում է Bloomberg-ը։
Եվ չնայած անվտանգության խստացված միջոցառումներին՝ հակագլոբալիստներն այս անգամ ևս համաշխարհային առաջնորդների կողքին են։ Դավոսում նրանք նախաձեռնել են նոր՝ «Գրավի՛ր ՀՏՖ-ն» (Occupy WEF) շարժումը։ Այն «Գրավի՛ր Ուոլ սթրիթ»-ի նմանությամբ փորձում է պայքարել ֆինանսական և բանկային վերնախավի «հանցագործությունների» դեմ։
Իր գոյության ավելի քան 40 տարիներին Դավոսյան ֆորումը, անկասկած, վերածվել է նաև մեծ բիզնեսի։ Ըստ կազմակերպիչների՝ ֆորումը տարեկան $185 մլն-ի հասույթ է ապահովում, մոտավորապես այդքան էլ կազմում են ծախսերը։ Դրանց կեսը բաժին է ընկնում միջոցառումների կազմակերպմանը, մնացածը՝ անձնակազմի աշխատավարձերին:
Civilnet











