Գլխավոր Լրահոս

Հին մարտահրավեր՝ նոր թվերով

Հին մարտահրավեր՝ նոր թվերով

Գործազրկությունն այս տարի էլ չի նվազի. ԱՄԿ

Աշխարհում գործազրկությունը շարունակում է մնալ ճգնաժամային մակարդակում, առաջիկայում ևս այս միտումը կպահպանվի։ Ավելին՝ աշխարհում աշխատունակ յուրաքանչյուր երրորդը (1,1 մլրդ մարդ) կա՛մ գործազուրկ է, կա՛մ աղքատության եզրին։ Իրավիճակը շոշափելի կերպով կկարողանա փոխել միայն 600 մլն նոր աշխատատեղերի ստեղծման գլոբալ միտումը։ Սակայն անգամ այս դեպքում 900 մլն մարդ կշարունակի ապրել ծայր աղքատության մեջ՝ օրական $2 եկամուտով։ Այսպիսի տվյալներ է պարունակում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) երեկ հրապարակած Global Employment Trends 2012։ Preventing a deeper jobs crisis զեկույցը։

ԱՄԿ-ն աշխարհում հաշվել է 200 մլն գործազուրկ և առաջիկա տասնամյակում տարեկան 40 մլն նոր աշխատատեղ ստեղծելու անհրաժեշտություն։ Կազմակերպության կանխատեսմամբ՝ 2012թ. գործազուրկների թիվը կավելանա 3 մլն-ով։ Համաշխարհային տնտեսության՝ մինչև 2% աճի տեմպի դեպքում գործազուրկների թիվը կավելանա արդեն 4 մլն-ով, եվրոգոտու պարտքային ճգնաժամի արագ հաղթահարման պայմաններում գործազուրկների թիվն աշխարհում կնվազի մինչև 1 մլն-ով։

«Չնայած կառավարությունների գործադրած ջանքերին՝ աշխատատեղերի ճգնաժամը չի հաղթահարվում։ Տնտեսության իրական հատվածում աշխատատեղերի ստեղծումը պիտի առաջնահերթություն դիտարկվի»,– հայտարարել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Խուան Սոմավիան։

Նախորդ տարվա համեմատ՝ կազմակերպության այս տարվա կանխատեսումներն ավելի հոռետեսական են։ «Մենք գործազրկության մակարդակի որոշակի նվազում էինք ակնկալում, չնայած ընթացիկ տարում դա տեղի չի ունենա։ Ավելին՝ տնտեսական անկման պայմաններում գործազրկության աճը կշարունակվի»,– մեկնաբանում է զեկույցի համահեղինակ Էկեհարդ Էռնստը։

ԱՄԿ-ի տվյալները վկայում են, որ երիտասարդների թիվը, որոնք 2011թ. այդպես էլ չեն կարողացել աշխատանք գտնել, կազմել է 74,8 մլն։ Չնայած ցուցանիշն ավելի ցածր է, քան 2010թ. 77,6 մլն-ը, սակայն 4 մլն-ով գերազանցում է նախաճգնաժամային թվերը։ Բացի այդ՝ երիտասարդների (15-24 տարեկան) շրջանում գործազրկության մակարդակը երեք անգամ գերազանցում է գործազրկության ընդհանուր մակարդակը՝ կազմելով 12,7%։

ԱՄԿ-ի կանխատեսմամբ՝ իրադարձությունների զարգացման անգամ ամենալավատեսականի սցենարների դեպքում, ինչպիսին, օրինակ, պարտքային ճգնաժամի արագ հաղթահարումն է, գործազրկության մակարդակն աշխարհում մինչև 2016թ. կշարունակի մնալ 6%-ի շրջանակում։ Հետևապես՝ կազմակերպությունը պետություններին կոչ է անում անցնել առավել կոշտ հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև իրականացնել ֆինանսական ոլորտի բարեփոխումներ։

Հատկանշական է, որ հուսադրող չէին ՄԱԿ-ի կանխատեսումները։ Ըստ կազմակերպության անցած շաբաթ հրապարակած «Համաշխարհային տնտեսության իրադրությունն ու հեռանկարները» զեկույցի՝ գործազրկության մակարդակն աշխարհում 9% է, տնտեսությունների արագ վերականգնմանը խոչընդոտում է ցածր պահանջարկը, իսկ 2012-2013 թթ. պետք է պատրաստ լինել համաշխարհային տնտեսության նոր խոշոր անկմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում