Գլխավոր Լրահոս

Փրկությունը Ալպերո՞ւմ է

Փրկությունը Ալպերո՞ւմ է

Դավոսը սկսել է կապիտալիզմի նոր մոդելների քննարկումը

Երեկ շվեյցարական Ալպերում մեկնարկել է Դավոսի ամենամյա՝ թվով 42-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ)։ «Խոշոր վերափոխում. նոր մոդելների ձևավորում» կարգախոսով անցկացվող ֆորումի օրակարգը բազմազան է՝ ճգնաժամից մինչև կապիտալիզմ։ Դավոս-2012-ի հանդիսավոր բացման պատասխանատվությունը ստանձնել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Ֆորումն այս տարի մեկնարկել է բավական մռայլ մթոլորտում՝ տնտեսագետների և զանգվածային լրատվամիջոցների մշտական նախազգուշացումների, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության և Համաշխարհային բանկի սպառնալից ազդանշանների ֆոնին»,– գրում է շվեյցարական Le Temps-ը։

Մռայլ մթնոլորտի գույներն ավելի են խտացնում Դավոսին ընդառաջ կատարված հարցումները։ 60 երկրի 1258 ընկերությունների ղեկավարների շրջանում PricewaterhouseCoopers խորհրդատվական ընկերության անցկացրած հարցումը վկայում է, որ նրանց միայն 15%-ն է հավատում 2012թ. համաշխարհային տնտեսական իրադրության բարելավման հնարավորությանը։ Ընդ որում՝ տրամադրությունները հոռետեսական են ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Չինաստանում և Հնդկաստանում։

Դավոս-2012-ի քննարկումներն ընթանում են 4 հիմնական ուղղությամբ՝ աճի և զբաղվածության, առաջնորդության և ինովացիաների, կայունության և ռեսուրսների օգտագործման, սոցիալական և տեխնոլոգիական մոդելների ձևավորում։ Առանձին քննարկումներ են նախատեսված նաև կապիտալիզմի և հասարակության վրա դրա ազդեցության շուրջ, հաղորդում է ՀՏՖ-ի պաշտոնական կայքը։

«2009թ. ճգնաժամի դասերը լավ չենք սերտել։ Իր ներկայիս տեսքով կապիտալիզմն այլևս չի համապատասխանում մեր աշխարհին»,– ՀՏՖ-ի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի խոսքը մեջբերում է BBC-ն։ Մարդկային ներուժը լիովին իրացնելու նպատակով ֆորումի կազմակերպիչներն անհրաժեշտ են համարել զարգացման նոր մոդելների և համարձակ գաղափարների առաջքաշումը։

Դավոսյան տեսակետներ

Խորհրդանշական էր ֆորումի խոսնակի դերում «Երկաթյա լեդիի» ընտրությունը. Եվրամիության և եվրոգոտու փրկության ամբողջ պատասխանատվությունն ընկած է հենց Գերմանիայի ուսերին, գրել է Bloomberg-ը։ Մերկելն իր դավոսյան ելույթը նվիրվել է տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին և ներկայացրել եվրոգոտու փրկության՝ ֆրանս-գերմանական համատեղ ծրագիրը։

«Եվրոգոտու թույլ երկրները կարծես Երրորդ աշխարհի երկրներ լինեն, որոնք օտարերկրյա արժույթով պարտք են վերցրել»,– գրել է CNBC-ն՝ վկայակոչելով հայտնի ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսի դավոսյան ելույթը։ Ներդրողը քննադատել է ԵՄ իշխանություններին՝ հավելելով, որ դեռ ուշ չէ եվրոն և ԵՄ-ն փրկելու համար։

Ալպյան հյուրեր

«Որքան վատ է տնտեսության վիճակը, այնքան մեծ է մասնակիցների հոսքը»,– մեջբերում է ավստրիական Der Standard-ը Շվաբի խոսքը։ Ֆորումի մասնակիցների ցանկն այս տարի բավական բազմազան է։ Ընդհանուր մասնակիցների թիվը ռեկորդային է՝ ավելի քան 2600 հոգի։ 2011թ. ֆորումի մասնակից երկրների թիվը ավելի քան 100 էր, մասնակիցներինը՝ շուրջ 2500։ Հատկանշական է, որ այս տարի չինական ամանորյա տոների պատճառով Դավոս չի այցելել Պեկինի պատվիրակությունը, գրում է բրիտանական The Financial Times-ը՝ հավելելով, որ չինական կողմին այդպես էլ չի հաջողվել համոզել ՀՏՖ-ի կազմակերպիչներին հետաձգել ֆորումի անցկացումը։

Կրկին հին դեղատոմսեր

Չնայած Դավոս-2012-ի հնչեղ կարգախոսին՝ փորձագետների ակնկալիքները ֆորումից մեծ չեն։ Հերթական ճգնաժամի հաղթահարման նպատակով նոր ուղիներ կփնտրվեն, սակայն կրկին հին դեղատոմսեր կառաջարկվեն, հավատացած են նրանցից շատերը։ Այդուհանդերձ, ֆորումյան քննարկումները համաշխարհային միտումներ են ձևավորում։ Ֆորումը ոչ միայն հին ընկերների հավաքատեղի է, այլև նոր և հեռանկարային ծանոթությունների վայր, գրում է BBC-ն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում