Գլխավոր Լրահոս

Ռեկորդ՝ ռեկորդի հետևից

Ռեկորդ՝ ռեկորդի հետևից

Լավագույն եռամսյակը՝ Apple-ի պատմության մեջ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկան գերազանցել է ոչ միայն եռամսյակային հասույթի և զուտ շահույթի սեփական ռեկորդները, այլև շուկայի կանխատեսումները։ 2011-2012 ֆինտարվա 1-ին եռամսյակում (2011թ. հոկտեմբերի 1-դեկտեմբերի 31) ընկերության հասույթը և զուտ շահույթը կազմել են համապատասխանաբար $46,33 մլրդ և $13,06 մլրդ։ Այս ժամանակահատվածում Apple-ը շուկա է մատակարարել ռեկորդային թվով iPhone, iPad և Mac։ Դրանց միջազգային վաճառքներն ապահովել են ընկերության եռամսյակային եկամուտի 58%-ը, հաղորդում է Reuters-ը։

«Apple-ը մեծ վերելք է ապրում։ Ավելին՝ մենք նախատեսում ենք նոր և հրաշալի արտադրանքներ թողարկել»,– ասել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը՝ ներկայացնելով ընկերության եռամսյակային հաշվետվությունը։ Հետաքրքիր է, որ Կուկն առանձնապես չի կարևորել Apple TV հեռուստատեսային հավելվածի զարգացումը՝ այն երկրորդական արտադրանք համարելով։

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հասույթը կազմել է $26,74 մլրդ, իսկ զուտ շահույթը՝ $6 մլրդ։ Միաժամանակ ավելացել են վաճառքները։ Հաշվետու ժամանակահատվածում Apple-ը վաճառել է 37,04 մլն iPhone (տարեկան աճը՝ 128%), 15,43 մլն iPad (+111%), 5,2 մլն Mac համակարգիչ (+26%), 15,4 մլն iPod (+21%): «Ավելին՝ iPhone-ի պահանջարկը գերազանցել է առաջարկը»,– CNBC-ն մեջբերել է Կուկի խոսքը։

«Մենք չափազանց ուրախ ենք դեկտեմբերյան եռամսյակային տվյալների համար, որոնք մեզ $17,5 մլրդ-ի գործառնական հասույթ են ապահովել։ 2-րդ եռամսյակի համար կանխատեսում ենք $32,5 մլրդ-ի եկամուտ»,– ասել է Apple-ի ֆինանսական տնօրեն Պիտեր Օփենհայմերը։ Վերջինիս խոսքով՝ ներկայում Apple-ի ղեկավարությունն ակտիվորեն քննարկում է այն հարցը, թե որտեղ կարելի է ծախսել եռամսյակի վերջում ընկերության կուտակած $97,6 մլրդ-ը։ «Այս գումարը բավարար է ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար»,– գրում է Reuters-ը։

Հատկանշական է, որ մշտապես արտոնագրային պատերազմներ մղելով այլ ընկերությունների դեմ՝ Apple-ը զգալի գումարներ է ծախսում։ Այսպես՝ թայվանական HTC-ի նկատմամբ արտոնագրային պատերազմի առաջին փուլը Apple-ի համար $100 մլն է արժեցել։ Հիշեցնենք. ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի պաշտոնական կենսագրականում մեջբերվում է Ջոբսի խոսքը, թե ինքն ավելի շուտ «ջերմամիջուկային պատերազմ» կսկսի, քան թույլ կտա իր տեխնոլոգիաներն արտոնագրել Android-սմարթֆոններ արտադրողներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում