Norwegian Air Shuttle-ն ավիապարկը համալրելու է 222 նոր ինքնաթիռով
Նորվեգական բյուջետային Norwegian Air Shuttle (NAS) ավիաընկերությունը $21,6 մլրդ-ի 222 ինքնաթիռի ձեռքբերման պայմանագիր է ստորագրել ամերիկյան Boeing և եվրոպական Airbus ավիաշինական կոնցեռնների հետ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով NAS-ի երեկ հրապարակած հաղորդագրությունը։ Սա եվրոպական ավիացիայի պատմության ամենախոշոր պատվերն է։ Հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռների մատակարարումը կմեկնարկի 2016-ից։
Պատվերը ներառում է 122 Boeing և 100 Airbus A320neo օդանավ։ Հատկանշական է, որ NAS-ն առաջին անգամ է Airbus-ից ինքնաթիռներ գնում։ Պատվերը ներառում է երկու ընկերություններից ևս 150 ինքնաթիռի ձեռքբերման օպցիոն։
Նշենք, որ NAS-ը բյուջետային ավիաընկերություն է և սկանդինավյան երկրների երկրորդ ամենախոշոր ավիափոխադրողը։ Ընկերությունն ունի շուրջ 2500 աշխատակից, բաժնետոմսերը շրջանառվում են Օսլոյի ֆոնդային բորսայում։ NAS-ի ավելի քան 60 ինքնաթիռ չվերթներ է իրականացնում ավելի քան 100 ուղղություններով։
Civilnet











