Գլխավոր Լրահոս

Հայացք Դավոսից

Լամին, Մերկելը, Ռուբինին ու Գեյթսը՝ աշխարհի դիտակետում

Չորեքշաբթի օրվանից շվեյցարական Ալպերում ընթանում է Դավոսի ամենամյա՝ թվով 42-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ)։ «Խոշոր վերափոխում. նոր մոդելների ձևավորում» կարգախոսով անցկացվող ֆորումին մասնակցում է ավելի քան 100 երկրի մոտ 2600 ներկայացուցիչ։ Դավոս-2012-ի առաջին օրերի քննարկումները մի շարք թեմաներ են շոշափել՝ համաշխարհային տնտեսության մարտահրավերներ, եվրոգոտու ճգնաժամ, ֆինանսական բարեփոխումներ, գործազրկություն և այլն։

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Պասկալ Լամին իր դավոսյան ելույթում անդրադարձել է պրոտեկցիոնիզմի սպառնալիքին. «Վերջին շրջանում համաշխարհային տնտեսությունում պրոտեկցիոնիստական տրամադրությունների աճ է նկատվում, ինչը վնասում է ազատ առևտրի շահերին» (Reuters)։ Լամիի խոսքով՝ առաջիկա տարիներին ԱՀԿ-ից լուրջ ջանքեր կպահանջվեն այս խնդրի դեմ պայքարելու համար։

ԱՀԿ տնօրենը խոսել է նաև համաշխարհային առևտրի զարգացման միտումների մասին։ «Բանկային կարգավորիչները պարտավոր են պաշտպանել ֆինանսական համակարգի կայունությունը։ Ճգնաժամի տարածմանը զուգահեռ՝ բանկերը սկսել են մեծացնել իրենց պահուստային պաշարները, ինչը սահմանափակում է նրանց բիզնեսի կարևորագույն հատվածների գործառնական գործունեությունը։ Սա էլ, իր հերթին, կրճատում է առևտրի ֆինանսավորման ծավալները»,– ասել է Լամին՝ նախազգուշացնելով, որ շուկայից գումարների հետագա արտահոսքը վտանգելու է համաշխարհային տնտեսության կայունությունը։ Ամեն դեպքում ԱՀԿ տնօրենը կոչ է արել չհուսահատվել։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որին բաժին էր ընկել ֆորումը բացելու պատասխանատվությունը, վստահություն է հայտնել, որ Եվրոպայի իշխանությունները, միավորվելու դեպքում, կկարողանան հաղթահարել ճգնաժամը և վերադարձնել շուկաների վստահությունը։ Մերկելը դեմ է արտահայտվել ճգնաժամի հաղթահարման համար լրացուցիչ գումարներ տրամադրելու գաղափարին։ «Վստահությունը համաշխարհային լավագույն արժույթն է»,– ասել է Մերկելը։

Դավոսում մեծ է նաև փորձագետների թիվը, որոնք համաձայն չեն Մերկելի գաղափարներին. խնայողության՝ հենց Գերմանիայի առաջարկած միջոցառումներն են հանգեցրել ճգնաժամի խորացմանը։ «Որքան քիչ խնայողություն, այնքան շատ աճ»,– վստահ է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տնտեսական խորհրդական, տնտեսագետ Նուրիել Ռուբինին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դավոսյան իր ելույթում անդրադարձել է Եվրամիության տարածքում ֆինանսական տրանզակցիաների հարկադրման ֆրանս-գերմանական առաջարկին՝ այն անվանելով խելագարություն (The Telegraph)։ «Դրա մասին մտածելն է անգամ խելագարություն մի ժամանակահատվածում, երբ բոլորը պայքարում են տնտեսության աճի համար» – ասել է Քեմերոնը։

Դավոսյան ֆորումում ամենագործուն քայլին դիմել է Microsoft տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը՝ պատրաստակամություն հայտնելով $750 մլն նվիրաբերել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին։ «Տնտեսական բարդ իրադրությունը չի արդարացնում ամբողջ աշխարհում աղքատ մարդկանց տրամադրվող օգնության կրճատումը»,– ասել է Գեյթսը (Reuters)։

Հիշեցնենք, որ Դավոսյան ֆորումը կշարունակվի մինչև հունվարի 29-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում