Moody's-ը վերանայել է գլոբալ ավտոշուկայի այս տարվա կանխատեսումը
2012թ. Արևմտյան Եվրոպայում մարդատար ավտոմեքենաների պահանջարկը 2011թ. համեմատ կնվազի 6,2%-ով, չնայած 3% աճի կվերադառնա 2013թ.։ Այս մասին ասված է Moody's միջազգային վարկանշային գործակալության հինգշաբթի հրապարակած զեկույցում։
«2012թ. պահանջարկը կնվազի մինչև 13,4 մլն ավտոմեքենա՝ անցած տարվա սեպտեմբերին կանխատեսված զրոյական աճի համեմատ։ Առավել զգալի անկում, ամենայն հավանականությամբ, կարձանագրվի Ֆրանսիայում (-10%), Իտալիայում (-7%) և Մեծ Բրիտանիայում (-7%)»,– ասված է Moody's-ի զեկույցում։ Ըստ գործակալության փորձագետների՝ այս երկրների ավտոարտադրողները կտուժեն ազգային կառավարությունների ձեռնարկած խնայողության միջոցառումների, ինչպես նաև տնտեսական բարդ իրադրության պահպանման և սպառողական ծախսերի նվազման հետևանքով։
Չնայած Եվրոպայում կանխատեսման իջեցմանը՝ Moody's-ը պահպանել է համաշխարհային ավտոարտադրության վերաբերյալ իր «կայուն» կանխատեսումը։
Ըստ գործակալության փորձագետների՝ 2012թ. մարդատար ավտոմեքենաների համաշխարհային պահանջարկը տարեկան կտրվածքով կաճի 4,4%-ով, 2013թ.՝ 4,5%-ով։ 2012թ. համաշխարհային վաճառքները կկազմեն 78,8 մլն մեքենա։ Հատկանշական է, որ ըստ BMW-ի ֆինանսական տնօրեն Ֆրիդրիխ Այխների՝ 2012թ. թանկարժեք ավտոմեքենաների համաշխարհային շուկան կաճի 8%-ով՝ մասնավորապես ԱՄՆ-ում և Չինաստանում վաճառքների հաշվին։
Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 2011թ. ԵՄ-ում մարդատար նոր ավտոմեքենաների վաճառքները 2010թ. համեմատ նվազել են 1,7%-ով, ընդ որում՝ առավել մեծ անկում արձանագրել են Իտալիան (-10,9%) և Իսպանիան (-17,7%)։
Civilnet











