Քենեթ Ռոգոֆը տնտեսության գլոբալ աճի ցածր տեմպի կողմնակից է
Ֆինանսական ճգնաժամը ցույց տվեց, որ զարգացած երկրների կառավարությունները պետք է հրաժարվեն տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու ձգտումից՝ չնայած քաղաքական գլոբալ ազդեցության կորստի վտանգին, գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆը:
-Պարոն Ռոգոֆ, Դուք առաջարկում եք հրաժարվել տնտեսական զարգացման տեմպերի աճի ձգտումներից։ Դրա պատճառը արևմտյան հասարակությունների՝ միջին և բարձր խավերով «գերհագեցած» լինե՞լն է։
-Վերջին երկու հարյուր տարվա արդյունաբերական նորարարությունների շնորհիվ մարդկության զգալի մի հատվածն ազատվել է աղքատության ճիրաններից։ Իսկ որքանո՞վ կկարողանանք մենք ապագայում էլ դիմակայել տնտեսական աճի նման տեմպերին։ Տարեկան 1% աճ՝ ինչ-որ փոքր թիվ է հնչում։ Բայց եկեք հաշվենք. եթե առաջիկա երկու հարյուր տարում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը տարեկան ավելացնենք 1%-ով, ապա այսօրվա համեմատ ութ անգամ ավելի հարուստ կլինենք։ Իսկ ինչպե՞ս ապահովել այսպիսի աճ՝ չվնասելով էկոլոգիան ու չխաթարելով սոցիալական կայունությունը։ Դժբախտաբար, քաղաքական գործիչները միայն կարճաժամկետ հեռանկարում են ծրագրում՝ հաշվի չառնելով տնտեսական աճի կողմնակի ազդեցությունները։
-Ինչպե՞ս փոխել իրավիճակը՝ չկասեցնելով առաջընթացը։
-Ֆինանսական ճգնաժամը հստակ ցույց տվեց, որ տնտեսական աճի նոր իմպերատիվ է անհրաժեշտ։ Դրա վառ օրինակը ԱՄՆ-ն է, որտեղ տնտեսության աճն առաջին հերթին կախված է մասնավոր սեկտորից՝ սպառումից և անշարժ գույքի շուկայից։ Ստացվում է մի համակարգ, որում մասնավոր սպառումը զգալի առավելություններ ունի պետական ծախսերի համեմատ։ Բացի այդ՝ ենթակառուցվածքներն այնքան մաշված են, որ կառավարությունը հեշտությամբ կարող է կողմնորոշվել բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված նախագծերի մշակման և ընտրության հարցում։ Խայտառակ վիճակում է կրթական համակարգը, բազմաթիվ խնդիրներ կան առողջապահական համակարգում։
-Մի՞թե միայն աճի առանձնաշնորհների վերաբաժանումը բավարար կլինի։ Չէ՞ որ զարգացած արդյունաբերական երկրներին աճն անհրաժեշտ է պարտքային բեռը մեղմելու և ծերացող բնակչության կենսապայմաններն ապահովելու համար։
-Կարճաժամկետ հեռանկարում մեզ նվազագույնը աճի չափավոր ցուցանիշներ են անհրաժեշտ՝ պարտքային ճնշումը թուլացնելու և կենսաթոշակային ու առողջապահական ծախսերը հոգալու նպատակով։ Սակայն խնդիրը ոչ միայն եկամուտի նոր աղբյուրներ գտնելը և ծախսերը կրճատելն է։ Կարևոր է նաև քաղաքացիների սպասումները համապատասխանեցնել ֆինանսական հնարավորություններին։ Շնորհիվ պարտքային ճգնաժամի՝ Եվրոպան այս ուղղությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, չնայած ծրագրերից շատերը շարունակում են թղթի վրա մնալ։ ԱՄՆ-ը դեռ պիտի անցնի այս ճանապարհը։
-Այսինքն՝ աճի նոր իմպերատիվը առաջին հերթին վերաբերում է զարգացած արդյունաբերական երկրների՞ն։
-Այո՛։ Աֆրիկայում և Ասիայում բնակչության զգալի մի հատվածը դեռ չի դարձել ժամանակակից աշխարհի մաս և տնտեսական աճի բոլորովին այլ ռազմավարության անհրաժեշտություն ունի։ Կայուն զարգացման խնդիրներն ուղիղ համեմատական են տվյալ երկրի՝ գլոբալ տնտեսությանն ինտեգրման մակարդակին։ Լավագույն օրինակը Չինաստանն է, որտեղ բնական պաշարների օգտագործումն ու շրջակա միջավայրի աղտոտումը լրջագույն խնդրի են վերածվել։
-Մի՞թե հավանական է, որ զարգացած արդյունաբերական երկրները կսահմանափակեն աճը։
-Պետք չէ թերագնահատել ՀՆԱ-ի ազդեցությունը ազգերի ճակատագրի վրա, այն հսկայական է։ Երկրները, որոնք կհրաժարվեն տնտեսական աճից, կառերեսվեն քաղաքական ազդեցության նվազման խնդրին։ Ամբողջ աշխարհի համար տնտեսական աճի սահմանափակումը շատ ավելի շահեկան կլիներ, սակայն յուրաքանչյուր առանձին երկրի համար շարունակում է չափազանց գրավիչ մնալ տնտեսական աճի բարձր տեմպերի վրա խաղադրույքը։ Եթե այժմ Եվրոպան որոշի առաջիկա հարյուր տարում ավելի դանդաղ աճել, քան ԱՄՆ-ը, ապա սեփական ձեռքերով կթուլացնի աշխարհում ունեցած քաղաքական իր դիրքերը։
-Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են Ձեզ պես գիտնականներն ազդում քաղաքականության վրա։
-Ակադեմիական գիտության նպատակը ոչ թե այսօր, այլ 25 կամ 50 տարի հետո իրականացվող քաղաքականության վրա ազդելն է։ Այն ամենը, ինչ ուսումնասիրվում է այսօր, ժամանակի քննության անհրաժեշտություն ունի, և միայն դրանից հետո միգուցե ներառվի դասագրքերում՝ ազդելով ապագա սերունդների քաղաքական մտքի վրա։ Նայեք նոբելյան մրցանակակիրներին։ Շատ դեպքերում նրանք այս մրցանակին արժանանում են ավելի վաղ տպագրված հրապարակումների համար, որոնք, անգամ այսօր, հայտնի են միայն մասնագիտական շրջանակներում։
Civilnet











