ՏՏ մասնագետն այստեղ $100 հազ. արժե
Ամերիկյան «Սիլիկոնային հովիտ»-ը տնտեսական բում է ապրում. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետների տարեկան միջին աշխատավարձն այստեղ գերազանցում է $100 հազ-ը, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը (WSJ)։ Ընդ որում՝ ոչ միայն բարձրանում են աշխատավարձերը, մեծ է նաև որակավորված մասնագետների պահանջարկը։ Չնայած այս ամենին՝ գործազրկությունը շարունակում է մնալ ԱՄՆ-ի տնտեսության հիմնական գլխացավանքը։
2011թ. «Սիլիկոնային հովիտ»-ում ծրագրավորողների, ինժեներների և տեխնիկական այլ մասնագետների աշխատավարձերն աճել են 5,2%-ով՝ տարեկան մինչև $104 հազ., հաղորդում է ՏՏ մասնագետների աշխատանքի տեղավորման ամերիկյան Dice Holdings գործակալությունը։ Ընդ որում՝ նույն մասնագիտությունների աշխատավարձերն ԱՄՆ-ում ավելացել են միջինը 2%-ով՝ մինչև $81 հազ.։ «Տաղանդների համար մղվող պայքարը «Սիլիկոնային հովիտ»-ում բավական սուր է, հետևաբար՝ գործատուները պատրաստ են նաև վճարել»,– գրում է WSJ-ը։
Աշխատատեղերի թվի մեծացումը խթանում է տեխնոլոգիական ընկերությունների աճն ու զարգացումը, որոնք վերջին տարիներին, մեկը մյուսի հետևից, հանրային են դառնում։ Անցած տարի բորսա են դուրս եկել LinkedIn սոցցանցն ու առցանց խաղերի մշակմամբ զբաղվող Zynga ընկերությունը։ Շուկան այժմ սպասում է Facebook-ի բաժնետոմսերի ցուցակմանը։
Վեբ բումը խթանում է նաև կադրերի շուկան։ Ընդ որում՝ անցած տարի ոչ միայն բարձրացել են աշխատավարձերը, ավելացել են նաև ՏՏ մասնագետների պարգևավճարները։ Dice-ի տվյալների համաձայն՝ 2011թ. «Սիլիկոնային հովիտ»-ում պարգևավճարներն ավելացել են 13%-ով՝ հասնելով մոտ $12,5 հազ-ի, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, բոնուսներն աճել են 8%-ով՝ մինչև $8,8 հազ.։ Նույն «Սիլիկոնային հովիտ»-ում ժամավճարով աշխատող մասնագետների աշխատավարձը բարձրացել է 11%-ով՝ մինչև $74/ժամ։ ՏՏ ոլորտում ԱՄՆ-ի միջին ցուցանիշը $63/ժամ է։
«Չնայած բարձր աշխատավարձերին՝ «Սիլիկոնային հովիտ»-ում զգացվում է ՏՏ բարձրակարգ մասնագետների պակաս։ Նրանցից շատերը աշխատանքի միանգամից մի քանի առաջարկ են ստանում, ինչը ընկերությունների համար բարդացնում է լավ մասնագետներ ներգրավելու հնարավորությունը»,– գրում է WSJ-ը։
Համեմատության համար նշենք, որ 2011թ. ՏՀՏ ոլորտի ամսական միջին աշխատավարձը Հայաստանում Դ265 հազ. (մոտ $700) էր՝ Դ114 հազ. (մոտ $300) անվանական միջին ամսական աշխատավարձի դեպքում։
Civilnet











